Ադրբեջանը հերոինի տարանցմամբ սպառնում է ՌԴ-ի ազգային անվտանգությանը
04/04/2013 20:23

Ադրբեջանը հերոինի տարանցմամբ սպառնում է ՌԴ-ի ազգային անվտանգությանը

Ադրբեջանի Հանրապետությունը, գտնվելով թմրանյութերի տարանցման` Իրանից և Աֆղանստանից եկող ուղղությունների հարևանությամբ, մաս է կազմում թմրանյութերի տարանցման յուրօրինակ քարտեզի:

Ադրբեջանի կողմից թմրանյութերի, հատկապես աֆղանական հերոինի տարանցման մասին տեղեկությունները հաստատվել են միջազգային հեղինակավոր բազմաթիվ կառույցների կողմից, մասնավորապես դրանք տեղ են գտել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից հրապարակված Թմրանյութերի վերահսկման միջազգային ռազմավարություն-2013 զեկույցում:

Բաքվի իշխանությունների կողմից հերոինի և այլ թմրանյութերի տարանցման դեմ պայքարում հստակ քաղաքականության և ռազմավարության բացակայության մասին տվյալ զեկույցում նշվում է, որ չնայած նրան, որ Ադրբեջանի կառավարությունը ցանկություն է հայտնել պայքարելու թմրանյութերի վաճառքի դեմ, սակայն այդ ուղղությամբ պետական ֆինանսավորմամբ ծրագրերի պակասությունը խոչընդոտում է այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում առաջընթացին:

Դեռևս 2010թ.-ին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով անցնում է Աֆղանստանից տեղափոխվող թմրանյութերի 35%-ը:

Միջազգային այլ հեղինակավոր կառույցի`ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի տարանցման ուղղություններից մեկը`Հյուսիսային Բալկանյան ուղղությունը, անցնում է Ադրբեջանի տարածքով:

Բացի այդ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների վարչության Թմրանյութերի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Սև ծովի տարածքներով դեպի Բուլղարիա յուրաքանչյուր տարի տեղափոխվում է աֆղանական թմրանյութերի 7%-ը:

Գոյություն ունի նաև մեկ այլ ուղղություն`թուրքմենական Թուրքմենբաշի նավահանգստից դեպի Բաքու, այնուհետև, Ադրբեջանի մայրաքաղաքից դեպի Ռուսաստանի քաղաքներ:

Վերոնշյալ ուղղություններով յուրաքանչյուր տարի Ռուսաստան է արտահանվում 11 տոննա հերոին, որից 4 տոննան օգտագործվում է հենց Ադրբեջանում:

Նշվում է, որ Եվրոպայում Աֆղանստանից տեղափոխվող հերոինի վաճառքից ստացված եկամուտները կազմում են 20 միլիարդ դոլար:

Պետք է նշել, որ Աֆղանստանից ստացվող հերոինը հանդիսանում է Ռուսաստանի ազգային-պետական անվտանգությանը ուղղված սպառնալիք, լուրջ մարտահրավեր ռուսաստանյան գենոֆոնդին, ինչի մասին հայտարարել է Ռուսաստանի թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:

Նրա խոսքերով, յուրաքանչյուր տարի աֆղանական հերոինից Ռուսաստանում մահանում է ավելի քան 30.000 մարդ, որոնց մեծամասնությունը երիտասարդներ են:

Երիտասարդների շրջանում թմրամոլության տարածումը լուրջ մարտահրավեր է նաև Ռուսաստանի գենոֆոնդին, ինչի մասին հայտարարվում է արդեն պետական մակարդակով:

Քանի որ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող աֆղանական հերոինի տարանցման երկիր, ապա այդ երկիրը այս կամ այն ձևով սպառնալիք է ներկայացնում իր հյուսիսային հարևանի անվտանգությանը ու նպաստում ռուսաստանյան հասարակության շրջանում թմրամոլության տարածմանը:

Պետք է նշել, որ Ռուսաստանում աֆղանական հերոինից ստացվող միլիարդավոր դոլարները օգտագործում են կազմակերպված հանցավոր խմվավորման անդամները`իրենց դիրքերը ամրապնդելու, հանցագործություններ իրականացնելու համար:

Բացի այդ, աֆղանական հերոինը լուրջ ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի ծայրահեղ իսլամիստներին և անջատողականներին`ահաբեկչական գործողությունները Ռուսաստանի տարբեր քաղաքներում իրականացնելու համար:

Ռուսական իրավապահները բազմաթիվ անգամ հայտարարել են աֆղանական հերոինից ստացվող եկամուտների և ահաբեկչության միջև ուղիղ կապերի մասին:

Հավելենք, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էնի Դերսին իր նամակներից մեկում, որը հրապարակել էր WikiLeaks-ը, նշել էր, որ Ռուսաստանում թմրանյութերի մաֆիան վերահսկում են էթնիկ ադրբեջանցիները:

Ադրբեջանը հերոինի տարանցմամբ սպառնում է ՌԴ-ի ազգային անվտանգությանը