Բաշար Ասադ. Արաբական պետությունների լիգան լեգիտիմության կարիք ունի
04/04/2013 19:22

Բաշար Ասադ. Արաբական պետությունների լիգան լեգիտիմության կարիք ունի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Արաբական պետությունների լիգան լեգիտիմության կարիք ունի և այդ է պատճառը, որ կազմակերպությունը պաշտոնական Դամասկոսի տեղը հանձնել է ընդդիմությանը: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

«Այս կազմակերպությունը ներկայացնում է արաբական երկրներին և ոչ թե արաբական ժողովուրդներին ու հետևաբար այն չի կարող տալ ու հետ վերցնել լեգիտիմությունը: Իրական լեգիտիմությունը կազմակերպություններից, երկրից դուրս գտնվող պաշտոնյաներից ու այլ պետություններից չեն ստանում: Լեգիտմությունը ժողովուրդն է տալիս, հետևաբար այս բոլոր ներկայացումները որևէ արժեք չունեն մեզ համար»,- ասել է Ասադը:

Իսկ այն հարցին, թե ինչ կարծիք ունի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այն արտահայտության մասին, թե  իբր ինքը կգերադասեր պաշտոնից հեռանալ, քան սեղմել Ասադի ձեռքը, Սիրիայի նախագահը պատասխանել է, որ «դա որևէ հետաքրքրություն ու առաջնահեթություն չի ներկայացնում: Եթե նա իր տանը չի ստացել ճիշտ դաստիարակություն, ապա ես իմ տանը ստացել եմ լավ դաստիարակություն»,- ասել է Սիրիայի նախագահը:

Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր Սիրիայի նախագահի՝ թուրքական Ulusal և Aydinlik թերթերի տված հարցազրույցից մի հատված, որտեղ Ասադը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Սիրիայի հակամարտության վերաբերյալ ոչ մի ճշմարիտ բառ չասելու մեջ:

Նշենք, որ մարտի 26-ից Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացող Արաբական պետության լիգայի գագաթնաժողովի ժամանակ Սիրիայի արաբական հանրապետության տեղը զբաղեցրել է ընդդիմադիր Ազգային կոալիցիան: 

Բաշար Ասադ. Արաբական պետությունների լիգան լեգիտիմության կարիք ունի