«Երբ Ս. Սարգսյանը սահման էր պահում, ոմանք հայրենիքում բարձր պաշտոնների էին»
04/04/2013 18:48

«Երբ Ս. Սարգսյանը սահման էր պահում, ոմանք հայրենիքում բարձր պաշտոնների էին»

«Այն ժամանակ, երբ յուրաքանչյուր հայ տղամարդու ու շատ հայ կանանց տեղը սահմանը պաշտպանելն էր, նախագահ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ ազատագրական պայքարի ակունքներում էր և արել է ամենն իր հայրենիքն ազատագրելու ու պաշտպանելու համար: Եվ եթե որևէ մեկը դա չի արել ժամանակին, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, դա իր լուրջ բացն է»,- Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունը, ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանում իր ելույթի ժամանակ Ր.Հովհաննիսյանն այսօր առաջարկել էր երկրի ղեկավարին «դուրս գալ նախագահական պայքարից, գնալ սահմանը պաշտպանելու, ապրիլի 9-ն էլ հռչակել որպես ազգային միասնության տոն»:

Հ. Նաղդալյանն ընդգծեց, որ այդ բացը նաև ողջ հայ ժողովրդի աչքում է լուրջ բաց, որովհետև ժամանակին Ր.Հովհաննիսյանն ունեցել է բոլոր հնարավորությունները, ինչպես Մոնթե Մելքոնյանը, Ժիրայր Սեֆիլյանը, ու սփյուռքում ապրող մեր շատ հայորդիներ` գալ ու պաշտպանել հայրենիքը և ոչ թե հայրենիքում միայն բարձր պաշտոն զբաղեցնել, իսկ այն թողնելուց հետո էլ` սահմանում լինելու ու հայրենիքը պաշտպանելու մասին բոլորովին չմտածել.

«Ի՞նչն է իրեն դրդում նման կոչեր անել. գուցե տեսնում է այդ մարդկանց, ովքեր սահման են պաշտպանում և կոնտրաստն է զգում իր ու նրանց միջև… Համենայն դեպս, Սերժ Սարգսյանն ու այդ մարդիկ կոնտրաստ չունեն, տարբերություն չունեն, որովհետև յուրաքանչյուրն իր խղճի և ազգային պարտքը կատարել է»,- շեշտեց Հ.Նաղդալյանը:

Անդրադառնալով ապրիլի 9-ի վերաբերյալ նախագահի նախկին թեկնածուի հայտարարությանը, մեր զրուցակիցը նշեց. 
«Կարծում եմ՝ ավելի լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին շնորհավորի Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ, մասնակցի երդմնակալությանը որպես քաղաքական ուժի ղեկավար, որպես 37 տոկոս հավաքած նախագահի թեկնածու, և այդ օրը դարձնի ազգային միասնության տոն: Կարծում եմ, հենց դա շատ տեղին կլինի»,- հավելեց Հերմինե Նաղդալյանը: 

«Երբ Ս. Սարգսյանը սահման էր պահում, ոմանք հայրենիքում բարձր պաշտոնների էին»