Ի՞նչ հունով կգնան թուրք-իսրայելական հարաբերությունները
08/04/2013 20:00

Ի՞նչ հունով կգնան թուրք-իսրայելական հարաբերությունները

«Իսրայելա-թուրքական հարաբերությունների բարելավման փորձը՝ ԱՄՆ-ի հովանու ներքո, փոխզիջումային համաձայնություն էր, որը նաև որոշ ստվերային բաղադրիչներ ունի»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով վերջերս մեկնարկած Իսրայելի և Թուրքիայի հաշտեցման գործընթացը, ասաց արաբագետ, Իսրայելի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

«Իսրայելա-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներն առավելապես քաղաքական, դիվանագիտական հարթության մեջ էին և, մեծ հաշվով, դրանք լուրջ ազդեցություն չունեին երկկողմանի համագործակցության խորքային կողմերի վրա: Հաշտեցման գործընթացի մասին խոսելիս՝ պետք է այն դիտարկել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների համատեքստում և միաժամանակ գնահատել երեք կողմերի` Թել Ավիվի, Անկարայի և Վաշինգտոնի դիրքերից: Նախ և առաջ այն տեղավորվում է Սպիտակ տան արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ: Այս առումով, եթե «արաբական գարնան» հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, մասնավորապես` առանձին երկրներում արմատական իսլամական ուժերի ամրապնդումը, Սիրիայում օրեցօր խորացող ճգնաժամը, դրանում Իրանի, Ռուսաստանի, մասամբ նաև Չինաստանի դերակատարության աճն ակնհայտորեն հակասում են Վաշինգտոնի շահերին: Այս տեսանկյունից Վաշինգտոնի համար առաջնային խնդիր է դառնում տարածաշրջանում սեփական դիրքերի վերականգնումը, որը բնականաբար ամբողջական չէր կարող լինել առանց նրա երկու կարևորագույն դաշնակիցների` Իսրայելի և Թուրքիայի միջև 2010թ-ից ի վեր առաջացած խնդիրները, գոնե առերևույթ, հարթելու: Ինչը և, ըստ էության, տեղի ունեցավ Բարաք Օբամայի` տարածաշրջան կատարած այցի շրջանակներում:

Հաշտեցման գործընթացի նման ընթացքն ակնհայտորեն ձեռնտու է Թուրքիային. արդյունքում Անկարան ստացավ այն, ինչն ի սկզբանե, որպես նախապայման դնում էին թուրքական իշխանությունները: Մասնավորապես, Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում ներողություն խնդրեց Ռ.Թ.Էրդողանից, զոհվածների ընտանիքներին վնասի փոխհատուցման հարցում պայմանավորվածությունը ժամանակի ընթացքում լուծելի խնդիր է, իսկ Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու պահանջը անընդհատ թմկահարելով` թուրքական իշխանությունները լուծում են արաբական աշխարհի համակրանքն ապահովելու հարցը: Բնականաբար զարգացումների նման ընթացքը, դրան գումարած նաև քրդական հիմնախնդրի միջանկյալ սառեցումը բավականաչափ շահեկան իրավիճակ են ստեղծում Անկարայի համար հատկապես արտաքին հարթակում` մասնավորապես տարածաշրջանում և արաբամուսուլմանական աշխարհում սեփական գերակայությունը ևս մեկ անգամ շեշտելու տեսանկյունից. այս ամենի արդյունքում թուրքական իշխանությունների հռետորաբանությունն առավել ինքնավստահ և անկաշկանդ է դարձել: Վերոնշյալի համատեքստում, հնարավոր են որոշակի փոփոխություններ սիրիական հիմնախնդրի հարցում Թուրքիայի նյարդային գործելաոճում:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Թել Ավիվի պարագայում հաշտեցման գործընթացում որոշակի ստվերային կողմեր եմ կանխատեսում: Որքան էլ Իսրայելին ներկա պատմափուլում ձեռնտու լինի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումն, իսրայելական իշխանությունները չէին գնա նման քայլի, եթե չստանային համարժեք խոստումներ, երաշխիքներ: Թե հատկապես ինչ հարցի կամ որ հիմնախնդրի հետ են դրանք աղերսված, դժվար է հստակ նշել. կարող են կապված լինել պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի, սիրիական ճգնաժամի, գուցե Հիզբալլահի, կամ Իրանի դեմ որոշակի գործողություններ իրականացնելու հանգամանքի հետ. ավելի կոնկրետ, ցույց կտան ժամանակն ու զարգացումները: Համենայն դեպս, նման կանխատեսումների համար հիմքեր են տալիս նախ հրեական պետության պատմական անցյալը, ապա նաև բուն երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հատկապես ընտրություններից հետո, ինչպես նաև իսրայելական հասարակության շրջանում աջ-պահպանողական տրամադրությունների աճը: Որպես ասվածի ապացույց, բավական է միայն այն սուր քննադատությունը, որին արժանացավ Բենիամին Նեթանյահուն իր քաղաքական դաշնակցի`«Մեր տունը Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի կողմից, ում հետ դաշինքով Իսրայելի վարչապետը մասնակցեց անցած ընտրություններին: Հարկ եմ համարում բառացիորեն մեջբերել Լիբերմանին, ով որակել է Նեթանյահուի քայլը որպես կոպիտ սխալ և լուրջ հարված Իսրայելի և հրեա ժողովրդի ռազմավարական շահերին. «Նույնիսկ եթե այս պահին ինչ-որ քայլ ներկայացվում է իբրեւ դիվանագիտական և քաղաքական շահ, բայց խախտում է ընտրած ուղու արդարության նկատմամբ հավատը և ազգի բարոյական վիճակը, երկարաժամկետ հեռանկարում դրա հասցրած վնասը մեծապես գերազանցում է տվյալ պահի օգուտին: Հենց ընտրած ուղու նկատմամբ հավատը հրեական երիտասարդ պետությանը թույլ տվեց անկախության համար մղվող պայքարում հաղթել Իսրայելին ուժով գերազանցող արաբական երկրներին»:

Իսկ թե ինչ հունով կվերականգնվեն հարաբերություններն Անկարայի և Թել Ավիվի միջև, դարձյալ մեծ մասամբ պայմանավորված է տարածաշրջանային զարգացումներով: Այսօրվա համար գործընթացի մեկնարկը, սիրիական ճգնաժամում անհրաժեշտության դեպքում գործողությունների համակարգումը, նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության լիարժեք վերկանգնումը, որը տարբեր ծրագրերի շրջանակներում արգելակվում էր Թուրքիայի կողմից, արդեն իսկ կարևոր գործոն է»,- եզրափակեց Ա.Պետրոսյանը: 

Ի՞նչ հունով կգնան թուրք-իսրայելական հարաբերությունները