Հայկական գործոնի թուլացումը մարտահրավեր է Վրաստանին, Իրանին և ՌԴ-ին
08/04/2013 21:28

Հայկական գործոնի թուլացումը մարտահրավեր է Վրաստանին, Իրանին և ՌԴ-ին

Հայկական գործոնի թուլացումը Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի երկրների համար, քանի որ դրան զուգահեռ ակտիվանալու է թուրք-ադրբեջանական գործոնը և այդ տանդեմի ազդեցությունը:

Թուրք-ադրբեջանական տանդեմը իրենց երկրների տարածքում տարբեր ժամանակաշրջաններում ոչնչացրել է հայկական գործոնը` իրականացնելով ցեղասպան գործողություններ և էթնիկ զտումներ, ինչի հետևանքով հայկական գործոնի ներկայությունը Հարավային Կովկասում այս պահին սահմանափակվում է 2 պետականությունների` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններով, ինչպես նաև հարևան երկրներում այդ գործոնի ներկայությամբ` համայնքների կարգավիճակներով:

Հայկական գործոնի նվազեցումը և դրան զուգահեռ թուրք-ադրբեջանական գործոնի ակտիվացումը`համաթուրքական պետություն ստեղծելու և հակահայկական հռետորաբանությամբ ի վերջո սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգությանը, այլ նաև Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի ազգային-պետական անվտանգության համար անուղղակի սպառնալիք է:

Այսպես, Վրաստանում հայկական գործոնի և ներկայության նվազման ու թուլացման պայմաններում այդ «բացը»`Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ լոբբինգի շնորհիվ փորձ է արվում լրացվել թուրք-մեսխեթցիներով, որոնց ցանկանում են վերաբնակեցնել Ջավախքում, ինչը հետապնդում է հեռահար ռազմավարական նպատակներ:

Վրաստանի ամբողջ հարավային սահմանի երկայնքով`մահմեդական Աջարիայից մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջան միակ գործոնը, որը խոչընդոտում է Թուրքիայի տարածքից սկիզբ առնող և Վրաստանի հարավային սահմաններով մինչև Ադրբեջան ձգվող «թուրքական-մահմեդական օղակի» ձևավորմանը, դա հայաբնակ Ջավախքն է, որը նաև պատուհան է Հայաստանի համար դեպի Սև ծով:

Անկարան և Բաքուն ցանկանում են վերաբնակեցնել թուրք-մեսխեթցիներին այդ տարածաշրջանում, որպեսզի իրականացվի իրենց վաղեմի պանթուրքիստական ծրագիրը` միավորվելու, իսկ այդ միավորիչ գործոնը կլինի Վրաստանի հարավային սահմաններով ձգվող թուրքական, մահմեդական տարրը:

Հայկական գործոնի թուլացման պայմաններում Վրաստանը կանգնում է լուրջ սպառնալիքի առջև`ունենալու գրեթե միատարր(թուրքական–մահմեդական) բնակչություն իր հարավային սահմաններին, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, ինչպես նաև շինարարության ավարտական փուլում գտնվող Բաքու-Թբիլիսի-Ախալքալաքի-Կարս երկաթգիծը:

Հայաստանին` թուրք-մեսխեթցիների վերադարձը և Ջավախքի դեմոգրաֆիկ, էթնիկ դեմքի փոփոխությունը կկանգնեցնի ամբողջ հյուսիսային սահմանով «թուրքական օղակով» շրջափակված լինելու վտանգի առջև:

Հարավային Կովկասում հայկական գործոնի թուլացումը ազգային անվտանգության, նույնիսկ տարածքային ամբողջականության խախտման վտանգի առաջ կկանգնեցի նաև Իրանին, հաշվի առնելով Ադրբեջանի արհեստածին նկրտումները Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ, որոնք Բաքվում անվանվում են Հարավային Ադրբեջան:

Իրանի հյուսիսում`Թուրքիա-Նախիջևան-Իրանի հյուսիսային տարածքներ-Ադրբեջան տարածքների միավորմանը խոչընդոտում է կամ զսպում է «գործ գայլերի» ախորժակը Հայաստանի պետականությունը և Արցախի Հանրապետությունը`ներկա սահմանների կոնֆիգուրացիայով, ինչը լավ են գիտակցում Թեհրանում:

Իրանը շահագրգված չէ Հարավային Կովկասում հայկական գործոնի թուլացմամբ, քանի որ այդ «վակուումը» կլցվի թուրքական ազդեցությամբ, ինչը չի բխում միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Իրանի շահերից, որը վտանգներ է զգում տարբեր «ճակատներից»:

Հայատանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը կարևորում է իր հարավային դաշնակցի դերն ու  նշանակությունը, այդ իսկ պատճառով հարաբերությունների ներկա մակարդակը գնահատվում է որպես ռազմավարական, դաշնակցային:

Մոսկվան տեսնում է Թուրքիայում «նոր օսմանական» գաղափարների զարթոնքը և Օսմանյան կայսրության վերականգնման ցանկությունները`այս կամ այն ֆորմատով:

Ռուսաստանը լինելով բազմազգ երկիր և իր տարածքում ունենալով մահմեդականներով, ինչպես նաև թուրքական ծագում ունեցող ժողովուրդներին միավորող վարչատարածքային միավորումներ`Թաթարստան, Բաշկիրիա, Յակուտիա, Ալթայ և այլն, զգուշանում է պանիսլամական, պանթուրքական գաղափարների, որոնք նորից առաջ է քաշում Թուրքիան, նոր զարթոնքով, ինչը հարավային սահմաններում հայկական գործոնի թուլացման պայմաններում «դոմինոյի էֆեկտով» անջատողականության նոր զարթոնք կարող է առաջացնել այդ ազգերի մոտ, որը հատկապես ակտիվ էր 1990-ական թթ.-ին առաջին կեսին:

Այսպիսով, հայկական գործոնի կարևորության շեշտադրման ուղղությամբ պետք է տանել ակտիվ քարոզչական աշխատանք վերոնշյալ երկրների հասարակական-քաղաքական, վերլուծական շրջանակների, իսկ ամենակարևորը` իսթեբլիշմենթի հետ, քանի որ այդ ծրագրերի իրականացման համար Բաքուն և Անկարան մեծ ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսներ են ներդնում:

Հայկական գործոնի թուլացումը մարտահրավեր է Վրաստանին, Իրանին և ՌԴ-ին