.jpg)
ՏՄՊՊՀ նախագահը վստահեցնում է. Շաքարավազը վաճառվում է նվազագույն գնով
Շաքարավազի շուկայի գնագոյացման վերլուծությունը վկայում է, որ շաքարավազը այսօր մեր հանրապետությունում վաճառվում է նվազագույն ցածր գներով: Ազգային ժողովի այսօրվա նիստում՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թ.-ի տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ, այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ խորհրդարանական քննարկումների ավարտին: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Նա հորդորեց իրեն այս շուկայի մասին հարցեր ուղղած՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին ուսումնասիրել հանձնաժողովի հաշվարկները և համոզվել, որ «իրականում շահութաբերության մակարդակը բավականին ցածր է»: Նա նշեց նաև, որ ներմուծված հումքով շաքարավազի արտադրությունն ավելի շահավետ է, քան շաքարավազի ներմուծումը:
Ըստ Ա.Շաբոյանի, Հայաստանում չկան մենաշնորհներ, այլ կան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ինչը չի արգելվում ոչ Հայաստանի և ոչ էլ որևէ այլ երկրի օրենսդրությամբ: «Արգելվում է գերիշխող դիրքի չարաշահումը»,- ընդգծեց նա:
Հանձնաժողովի նախագահն եզրափակիչ ելույթում, անդրադառնալով պատգամավորների հարցադրումներին և հնչած որոշ քննադատությանը, նշեց, որ հանձնաժողովի իրավասության շրջանակներում այսօր «գլոբալ ուսումնասիրություն իրականացվում է ավիացիայի բնագավառում՝ մրցակցության տեսանկյունից»: Հանձնաժողովը հաշվի է առել ավիատոմսերի թանկացման մասին ահազանգերը:
Ինչ վերաբերում է ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքը Հայաստան խոչընդոտելուն, ապա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում դրա վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթ են միայն մամուլից. կազմակերպությունը հանձնաժողովին չի դիմել: