.jpg)
Արտգործնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին: Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները կանոնավոր կերպով զարգանում են, ինչի մասին վկայում են 2012թ. ընթացքում կայացած բարձր մակարդակի այցելությունները՝ ՀՀ Նախագահի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցելությունը Հայաստան:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, Հայաստանի ներդրումը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքված է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմամբ և կարևորեց տարբեր ձևաչափերով ՆԱՏՕ-ի շրջանակներում ընթացող համագործակցությունը:
Հյուրի խնդրանքով ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումները: