.jpg)
Հովհաննես Շահինյան. Մենք անելու ենք ավելին
Այսօր Արաբկիր համայնքում տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ կուսակցության նախընտրական քարոզարշավի երկրորդ օրվա հանդիպումը:
Կուսակցության ակտիվի և համակիրների հետ հանդիպմանը ներկա էին ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը և ՕԵԿ շտաբի ղեկավար Խաչիկ Հարությունյանը:
Հ. Շահինյանը նշեց, որ առաջիկա 28-30 օրերի ընթացքում փորձելու են երևանցիներին ներկայացնել ոչ միայն ՕԵԿ-ի ծրագրերը, այլև հիմնավորել, թե ինչպես են դրանք կյանքի կոչվելու:
«Ծրագիրը լոկ փաստաթուղթ է: Բայց այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացնում են իրեն ծրագրերը, պետք է հիմնավորեն, թե իրենց թիմը և թիմի ղեկավարը ինչքանով են կենսունակ՝ կատարելու ծրագրում ներառված դրույթները: Սա է գլխավորը հարցը, որ հաջորդ ընտրությունների ժամանակ պետք է տալ՝ իսկ դուք ի՞նչ եք արել»,- ասաց Հ. Շահինյանը և ավելացրեց. «Ո՞ւր են այդ աշխատանքները: Ո՞վ պետք է կատարեր: Ո՞ւր են մեր ավագանիները: Ի դեպ, եթե այս դահլիճում հարցում կատարեք, 65-ից 5 ավագանու անդամ չեն կարող նշել»,- ասաց նա:
Շահինյանը հավելեց, որ ՕԵԿ կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը իր գործունեությամբ ապացուցել է, որ ինքը համակարգեր է կայացնում, վարչարար է, կազմակերպիչ, և այդ պարագայում «չեն կարող այդ ապերոյական, տղայական, օլիգարխական, թաղային ինչ-որ ուժեր բերեն ու ներկայացնեն իրենց հաճելի հանձնարարությունները»:
Հ. Շահինյանը քննադատեց համատիրությունների գործունեությունը և նրանց որակեց որպես այս կամ այն չինովնիկին կից կառույցներ. «Մեր աչքի առջև տեսնում ենք, թե ինչպես է ձեռքից գնում մեր բնակֆոնդը: Ամեն օր ականատես ենք լինում, թե ինչքան ապօրինի կառույցներ են ավելանում, երբ քաղաքային իշխանութունները հայտարարում են, թե դա ուղղակի արգելված է քաղաքում: Այսօր մեր մայրաքաղաքին հարկավոր է տեր, ուժեղ անձնավորություն, մարդ, ով լիարժեքորեն տիրապետում է, թե ինչ է կատարվում քաղաքում»,- ընդգծեց բանախոսը:
Նա վերահաստատեց, որ ընտրություններում ՕԵԿ-ի թեկնածուի գլխավոր մրցակիցը ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ապա շեշտեց. «Այո, գնահատելի գործեր արվել են, արվել են այնքան, ինչքան կարողացել են, բայց մենք անելու ենք ավելին»: