.jpg)
ԱԺ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերի մեջ տրամաբանություն չի տեսնում
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չգիտի, թե վաղը ինչ է լինելու Ազատության հրապարակում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Հ. Աբրահամյանը:
Նա տրամաբանություն չի տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակ հրավիրելու մեջ՝ պատճառաբանելով, թե վերընտրվել է Սերժ Սարգսյանը, և ավելորդ է համարում հարակից թեմաների քննարկումը:
Պատասխանելով հարցին, թե երդմնակալությունից հետո հնարավո՞ր է հանդիպում-քննարկում Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև, ԱԺ նախագահն ասաց, թե դա իրենց որոշելիքն է.
«Կարծում եմ, որ Նախագահը ճիշտ է վարվում, որ հարցերը քննարկելու համար Հովհաննիսյանին հրավիրում է նախագահական նստավայր»:
Հ. Աբրահամյանը նկատեց, թե երկխոսությունը պետք է միշտ լինի շարունակական:
«Որքան քաղաքական ուժերը երկխոսեն, այնքան կշահի պետությունը: Երկխոսությունը երբեք չի սպառվում, այն կարելի է միշտ շարունակել: Ես գտնում եմ, որ պետք է համերաշխ լինել»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե բացառո՞ւմ են, որ վաղը հնարավոր է սադրանքներ լինեն, քանի որ Ազատության հրապարկում «Նոր Հայաստանի երդմնակալությունից» բացի, լինելու է նաև քայլերթ, Հ. Աբրահամյանը պատասխանեց, թե այդ մասին տեղեկացված չէ: Նա նշեց՝ գոյություն ունի Ազգային անվտանգության ծառայություն, որն էլ պետք է զբաղվի դրանով: Միևնույն ժամանակ խորհրդարանի նախագահը վստահություն հայտնեց, որ որևէ սադրանք չի լինի: