Իսրայելը պահանջում է պատերազմական վերջնագիր ներկայացնել Իրանին
08/04/2013 20:34

Իսրայելը պահանջում է պատերազմական վերջնագիր ներկայացնել Իրանին

Իսրայելի ռազմավարության և հետախուզության հարցերով նախարար Յուվալ Շտայնիցը համաշխարհային գերտերություններին կոչ է արել ռազմական գործողություններով սպառնալ Իրանին, եթե վերջինս «մի քանի շաբաթվա կամ ամիսների ընթացքում չդադարեցնի» ուրանի հարստացումը: Իսրայելցի նախարարի խոսքով, այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը շարունակում է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհներով լուծել, Իրանը շարունակում է շարժվել ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ, հաղորդում է Ամերիկայի ձայնը:

Շտայնցը, ելույթ ունենալով Իսրայելի բանակի ռադիոյի եթերում, հայտարարել է, որ ժամանակն է «Իրանին ռազմական գործողություններով սպառնալ կամ անցկացնել, այսպես կոչված, կարմիր գիծ՝ ողջ աշխարհի, հատկապես ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ոչ երկիմաստ վերջնագիր»:

Նախարարը Իրանին նաև մեղադրել է «վեցյակի» հետ բանակցությունները ձգձելու մեջ, որոնք փորձում են հասնել Իրանի ուրանի հարստացման դադարեցմանը, որը կարող է կիրառվել և՛ խաղաղ, և՛ ռազմական նպատակներով: Ըստ Շտայնիցի՝ դիվանագիտական ջանքերը շարունակելու դեպքում Իրանը «ծիծաղելով կհասնի միջուկային ռումբի ստեղծմանը»:

Հիշեցնենք, որ նախօրին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ստամբուլում Իրանին նախազգուշացրել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը չի կարող հույսը դնել այլ երկրի վրա, նույնիսկ իր դաշնակցի, երբ խոսքը գնում է Իրանի կողմից միջուկային իրական սպառնալիքի մասին:

 

Իսրայելը պահանջում է պատերազմական վերջնագիր ներկայացնել Իրանին