Մեքսիկայի նորանշանակ դեսպանը Հայաստանում հանդիպեց Էդվարդ Նալբանդյանին
08/04/2013 12:44

Մեքսիկայի նորանշանակ դեսպանը Հայաստանում հանդիպեց Էդվարդ Նալբանդյանին

Այսօր ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր աշխատանքով նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը և ամրապնդմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ անցած տարի Մեքսիկա իր այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հավելյալ խթան կհանդիսանա հայ-մեքսիկական փոխգործակցության զարգացման համար: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել այս տարի Մեխիկոյում Հայաստանի դեսպանություն բացելու մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Գեռերոն նշեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը և հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-մեքսիկական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար:


Մեքսիկայի նորանշանակ դեսպանը Հայաստանում հանդիպեց Էդվարդ Նալբանդյանին