.jpg)
Պակիստանը՝ նոր մարտահրավերների կիզակետում
Պակիստանը, լինելով Հարավային, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանների հատման խաչմերուկում, վերածվել է մի երկրի, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ռազմական ընդհարումներ, ահաբեկչական գործողություններ և այլ բռնարարքներ: Այստեղ տեղի ունեցող իրադարձությունները որոշ չափով պայմանավորում են ահաբեկչական գործողությունների ակտիվություն ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում (ներկայումս իսլամական ծայրահեղ արմատականների շրջանում մեծ տարածում ունի այն հադիսը (Մուհամմադ մարգարեի խոսքերի և արարքների ավանդությունները), համաձայն որի, երբ իսլամականները նկատեն Խորասանի կողմից եկող սև նշաններ, ապա նրանք պետք է միանան դրանց, քանզի այդ նշանների տակ քայլում է Ալլահի խալիֆը` մահդին: Որոշ ծայրահեղ իսլամական ուղղությունների քարոզչության մեջ դրսևորվում է այն փաստը, որ Ալ-Կաիդայի նշանը սև գույնի է, և ստեղծվել է աֆղանապակիստանյան տարածքում, որը որոշ առումով մտնում է Խորասանի մեջ):
Տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ 2001 թ-ի սեպտեմբերի 11-ից հետո համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում տարածաշրջան ներխուժեցին արևմտյան կոալիցիոն ուժերը` պայքարելով իսլամական արմատական խմբավորումների` հատկապես թալիբների և Ալ-Կաիդայի դեմ: Աֆղանստանի թալիբական ուժերը ԱՄՆ և կոալիցիոն այլ ուժերից ու Հյուսիսային դաշինքի զորամիավորումներից (հիմնականում ոչ փուշտուն) պարտություն կրելով սկսեցին անցնել Պակիստանի տարածք, որտեղ և սկսեցին տարրալուծվել տեղի փուշտուն ազգաբնակչության մեջ (ըստ տարբեր գնահատականների 2001-2002 թթ. ընթացքում սահմանն անցել են մոտ 350-400 հզ. մարդ)` տեղավորվելով հիմնականում Պակիստանի Դաշնային կառավարման ցեղային տարածքներում և հարակից այլ հատվածներում, որտեղ նկատվող իսլամական արմատականության աճն էլ ավելի ակնառու դարձավ: Սրա հետ մեկտեղ պետք է նշել, որ էթնո-դավանական հակասությունները երբեք խորթ չեն եղել Պակիստանի համար. հակասություններ նկատվում են մեծամասնություն կազմող սուննիների և էթնո-դավանական այլ փոքրամասնությունների (խազարներ, շիական այլ համայնքներ, քրիստոնյաներ և այլն) միջև:
Պակիստանը միակ մուսուլմանական երկիրն է, որն ունի ատոմային զենք, և իհարկե այս հանգամանքը չի կարող անտեսվել որոշ ծայրահեղ իսլամական արմատական կառույցների կողմից, որոնց առաջնորդները բազմիցս են հայտարարել զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերելու ցանկության մասին (իսլամականների կողմից պակիստանյան ատոմային զենքին տիրանալու վտանգն առկա էր դեռևս 2001 թ-ին): Վերջին տարիներին քաղաքական անկայուն իրավիճակը, էթնո-դավանական կոնֆլիկտները, տնտեսական զարգացման ցածր տեմպերը, պակիստանյան հասարակության բևեռացումը և ատոմային զինապաշարի առկայությունը պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում հենց Պակիստանում, և այս պայմաններում չի կարելի բացառել ատոմային զենքին տիրանալու փորձերը այն ուժերի կողմից, որոնք թշնամաբար են տրամադրված արևմտյան արժեքներին ընդհանրապես` և ԱՄՆ վարած տարածաշրջանային քաղաքականությանը մասնավորապես, իսկ նման տրամադրությունները տարածված են պակիստանյան հասարակությունում (այս մասին են խոսում 2008-2010 թթ-ի ընթացքում իսլամականների կողմից հարձակումները պակիստանյան որոշ ատոմային օբյեկտների վրա և այլն):
Պակիստանյան ներքաղաքական լարվածության կտրուկ ավելացում գրանցվեց հատկապես Իսլամաբադի կենտրոնում գտնվող Կարմիր մզկիթի միջադեպի հետ կապված` որտեղ ամրացել էին իսլամական արմատականներ և, որը նախագահ Մուշարաֆի հրահանգով գրոհով վերցվեց պակիստանյան զորամիավորումների կողմից: Այս զարգացումներին հաջորդեց իսլամականների կողմից ահաբեկչական գործողությունների մի ամբողջ շարան, որի գագաթնակետև եղավ Բենազիր Բհուտոյի սպանությունը 2007 թ-ի դեկտեմբերին և ահաբեկչության նոր ալիքի ձևավորումը:
Ներկայումս Պակիստանում լարվածությունը չի նվազել, որն էլ ավելի հրահրվեց 2011 թ-ի մայիսի սկզբին Պակիստանի Աբբոտաբատ քաղաքում Ալ-Կաիդայի առաջնորդ Ուսամա Բեն-Լադենի սպանությունով, թալիբների դեմ ուղղված պակիստանյան ռազմուժի գործողություններով, ամերիկյան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից Պակիստանի տարբեր հատվածներում իսլամական արմատականների ոչնչացումով և այլն, ինչի հետևանքով զոհվում են նաև խաղաղ բնակիչներ և նույնիսկ պակիստանյան ուժային կառույցների ներկայացուցիչներ: Այս ամենի արդյունքում էլ ավելի են սրվում հակաամերիկյան և հակաարևմտյան տրամադրությունները ոչ միայն պակիստանաաֆղանական սահմանային գոտում բնակվող փուշտունական ցեղերի, այլև հենց պակիստանյան հասարակական լայն շերտերի շրջանում և ամբողջ տարածաշրջանում: Առկա պայմանները ստիպում են իսլամականներին մի կողմ դնել միմյանց միջև գոյություն ունեցող հակասությունները և գոյատևման պայքար մղել` օգտվելով ստեղծված իրավիճակից: Տարբեր իսլամական արմատական խմբավորումներ հայտարարում են, որ շարունակելու են իրենց հարձակման թիրախներ ընտրել ինչպես հարևան Աֆղանստանում տեղակայված կոալիցիոն ուժերը, այնպես էլ պակիստանյան իշխանություններին և կարևոր նշանակության օբյեկտները:
Վերջին շրջանում շատ փորձագետների կողմից տեսակետներ են հայտնվում, համաձայն որոնց Հարավային և Կենտրոնական Ասիայում ձևավորվում է մի նոր «Թալիբան» շարժում, որի նպատակը ոչ միայն Աֆղանստանն է, այլև Պակիստանը, և այդ նպատակին հասնելու համար իսլամականները պակիստանյան տարածքներում փորձում են ներդնել աֆղանական փորձը` ահաբեկչական պայթյուններ մայրաքաղաք Իսլամաբադում և այլ խոշոր քաղաքներում, հարձակումներ իշխանության ներկայացուցիչների վրա, լրագրողների առևանգումներ, պառակտիչ գործողություններ պակիստանյան բանակում և այլն:
Տարածաշրջանում փոխվել է իսլամականների գործողությունների բնույթն ու մեթոդները. նրանք դարձան ավելի բռնի և կոշտ, ինչին նպաստեցին երկար տարիների փորձը, երիտասարդ կադրերով համալրվելը, լոգիստիկ և ֆինանսավորման ուղիների մշակումը` այս ամենը համալրված լինելով գաղափարական հիմքով: Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և հատկապես Պակիստանում սպասվում են նոր ցնցումներ ինչպես լոկալ, այնպես էլ մասշտաբային առումներով: 2014 թ-ին ծրագրված կոալիցիոն ուժերի Աֆղանստանից հեռանալուն պես իրավիճակը տարածաշրջանում, հատկապես Պակիստանում հեռու կլինի կանխատեսելի լինելուց, որտեղ իսլամականները, հատկապես դեռևս մոլեգնող «Արաբական գարնան» համատեքստում, կունենան իրենց ակտիվ դերակատարումը, ինչն աղետալի հետևանքներով է լեցուն ոչ միայն Պակիստանի և տարածաշրջանի, այլև համաշխարհային զարգացումների առումով: