.jpg)
Սերժ Սարգսյանն ընդունել է Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով:
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում նրա հետ խոսել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: Նախագահի համոզմամբ, Դաշինքի հետ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է հանրային դիվանագիտության ոլորտը, որի շնորհիվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձր մակարդակի շփումները և հաստատված քաղաքական երկխոսությունը ինչպես Դաշինքի, այնպես էլ անդամ-պետությունների հետ, որոնք դրական են անդրադառնում գործընկերային հարաբերությունների զարգացման վրա:
Դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում: