.jpg)
Է. Նալբանդյանն ընդունեց Չինաստանի քաղաքացիական հարցերով փոխնախարարին
Ապրիլի 9-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարի տեղակալ Գու Ճաոսիին, ով գլխավորում է ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցող Չինաստանի պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է և կարևորել է այն փաստը, որ հայ-չինական համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է՝ ներառելով նոր ոլորտներ: Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի Նախագահի Չինաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում և արդյունքներն արդեն տեսանելի են։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանի զարգացմանը շարունակական օժանդակություն ցույց տալու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՉԺՀ պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ Չինաստանը հատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:
Զրուցակիցները անդրադարձել են մի շարք բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման և ընդլայնման վերաբերող հարցերի։
Այս առումով հատկապես առանձնացվել են արդյունաբերության, գյուղատնտեսության և գիտակրթական բնագավառները: