«Մեկը հայտնվեր Րաֆֆու «Խենթից» խենթացած Րաֆֆիի մասին աշխատություն գրեր»
10/04/2013 12:25

«Մեկը հայտնվեր Րաֆֆու «Խենթից» խենթացած Րաֆֆիի մասին աշխատություն գրեր»

Խելոքը սովորում է ուրիշների սխալների վրա, հիմարը՝ սեփական, իսկ տխմարն ընդհանրապես չի սովորում: Չին իմաստունի այս խոսքերով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սկսեց հանդիպումը լրագրողների հետ:

Սոցիոլոգը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին բոլոր քայլերն անիմաստ էին. «Բնակչության շրջանում հարցում անցկացրեցինք: Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ Րաֆֆու հետընտրական քայլերն անիմաստ են ու ոչնչի չեն բերի, 40 տոկոսը կարծում է, որ քայլերն իմաստ ունեն, բայց միևնույն է ոչնչի չեն բերի, 13 տոկոսի կարծիքով՝ Ր. Հովհաննիսյանը կկարողանա ինչ-որ բան անել, իսկ 5 տոկոսը դժվարանում է պատասխանել հարցին»,-ասաց սոցիոլոգը:

Ա. Ադիբեկյանի կարծիքով՝ մեզ մոտ հեղափոխություն չի կարող լինել, քանի որ դժգոհ՝ հեղափոխական մարդիկ աղքատության մեջ ապրողներն են. «Այդ 20 տոկոսն է դուրս գալիս պայքարի, իսկ նրանք աղքատ, կիսասոված մարդիկ են: Կիսասոված մարդը կարո՞ղ է հեղափոխություն անել. նա միայն կարող է մի երկու ցուցանակ ջարդել ու վերջ»,- ասաց Ադիբեկյանը՝ ավելացնելով, որ նախօրեին ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն էր առաջնորդում ժողովրդին, այլ ժողովուրդը նրան. «Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մեկն ուղղակի պիտի հայտնվի ու աշխատություն գրի Րաֆֆու խենթից խենթացած Րաֆֆիի մասին»:

Վերջում սոցիոլոգն անդրադարձավ նաև Երևանի ավագանու սպասվող ընտրություններին՝ նշելով. «Հարցված քաղաքացիերից իր ընտրության հարցում կողմնորոշվել է 31.6 տոկոսը: Նրանց 24.5 տոկոսն իր ձայնը տալու է ՀՀԿ-ին՝ ի դեմս Տարոն Մարգարյանի, 2.6 տոկոս «Բարև Երևան» դաշինքին, 2.5-ը՝ ԲՀԿ-ին, 0.8 տոկոսը՝ ՀՅԴ-ին, 0.8 -ը՝ ՀԱԿ-ին, 0.6 տոկոսը՝ ՕԵԿ-ին»,-ասաց Սոցիոլոգը՛

Վերջում Ադիբեկյանն ավելացրեց՝ պետք է հասկանանք, որ սա ընդամենը 31.6 տոկոս կոմնարոշված մարդիկ են և նրանց ընդամենը 24.5 են ձայն տալու Տարոն Մարգարյանին. «Հետևաբար, կա չկողմնորոշված մարդկանց մեծ տոկոս, որոնց ձայները ստանալու դեպքում ընդդիմությունը կկարողանա հաղթել»:

 

 

 

«Մեկը հայտնվեր Րաֆֆու «Խենթից» խենթացած Րաֆֆիի մասին աշխատություն գրեր»