Հենրիխ Մխիթարյան. «Երբեք նման բան չեմ խնդրի»
10/04/2013 19:46

Հենրիխ Մխիթարյան. «Երբեք նման բան չեմ խնդրի»

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: «Հանքափորների» հարձակման առաջատարը, ինչպես տեղեկացնում է դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը, «Զարյայի» հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

- Հենրիխ, առաջին հարցը, հավանաբար, մի քիչ ոչ ֆուտբոլային է: Արդյոք կարդացե՞լ ես, որ Գայտանան պատրաստվում է «Շախտյորի» հիմնը երգել հայերենով: Ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը:
- Իհարկե, կարդացել եմ: Ինձ համար ամենագլխավորը 25 գոլ խփելը չէ, որպեսզի նա երգի հայերենով: Ինձ համար կարևորը թիմին օգնելն է` հաղթելու յուրաքանչյուր խաղում:

- Իսկ ի՞նչն է ավելի շատ խթանում` սեփական պատվին հիմնը լսելու հնարավորությո՞ւնը, թե՞ Ստարուխինի ռեկորդի գերազանցումը:
- Եթե անկեղծ, գլխավորը թիմային խաղն է ու «Շախտյորի» հաղթանակները: Եթե հնարավոր լինի գերազանցել Ստարուխինի և Ուկրաինայի առաջնության ռեկորդները, շատ հաճելի կլինի: Բայց ինձ համար առաջին տեղում միշտ թիմային գործողություններն են:

- Իսկ խաղընկերներիդ ու մարզիչներիդ հետ խոսե՞լ ես ռմբարկուական ռեկորդի մասին:
- Քննարկում եղել է, այդպես կարելի է ասել: Տղաներն ասացին. «Եթե 11 մետրանոց հարված լինի, դու կհարվածես»: Ես պատասխանեցի. «Շնորհակալություն, պետք չէ: Ես ուզում եմ բոլոր գոլերը խաղային իրադրությունից խփել»:

- Գայտանային կօգնե՞ս, որպեսզի «Շախտյորի» հիմնը թարգմանի հայերեն:
- Եթե, տա Աստված, ստացվի 25 գոլ խփել, նա պետք է սկսի երգել, այլ ոչ թե սպասի ինձ, մինչև ես թարգմանեմ տեքստը (ժպտում է):

- Դմիտրի Սելյուկը հավաստիացնում է, որ քեզանով հատկապես անգլիական ակումբներն են հետաքրքրված: Դու ի՞նչ գիտես նրանց մասին:
- Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նրա հետ չեմ շփվել: Դա իմ գործը չէ: Եթե նա առաջարկներ ունի, խնդրեմ, թող դիմի ակումբի ղեկավարությանը: Իմ գործը խաղալն է: Այժմ ես «Շախտյորի» ֆուտբոլիստն եմ, և ուրիշ ոչինչ ինձ չի հետաքրքրում, որովհետև առջևում դեռ երկու ամիս կա: Ես պետք է ամեն ինչ անեմ, որ հնարավոր ամեն բան նվաճեմ այս թիմի կազմում:

- Բայց դու կցանկանայի՞ր խաղալ Եվրոպայում:
- Դա արդեն այլ հարց է: Հիմա ես չեմ պատասխանի, որովհետև նման խոսակցությունների ժամանակը չէ դեռ: Իմ սիրտը հիմա Դոնեցկում է, «Շախտյորի» հետ: Իսկ արդեն մրցաշրջանի վերջում ամեն ինչ պարզ կլինի: Թող խոսեն նախագահի հետ, թող պայմանավորվեն: Եվ միայն դրանից հետո, եթե, իրոք, որևէ առաջարկ լինի, ես կքննարկեմ այն:

- Իսկ Դարիո Սռնայի օրինակը հոգեհարազա՞տ է քեզ:
- Կյանքում ամեն ինչ հնարավոր է: Ոչինչ չեմ ժխտի, այդ իսկ պատճառով հիմա չեմ ուզում խոսել այդ թեմայով:

- «Դինամոյի» հետ խաղից հետո այնպիսի զգացում չկա՞, որ առաջնությունն արդեն ավարտված է, և բոլոր խնդիրները լուծված են:
- Ոչ: Պայքարը դեռ շարունակվում է: Չնայած չեմպիոնությունից մեզ ընդամենը 4 միավոր է բաժանում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք մնացած հանդիպումներում: «Շախտյորը» ցանկացած խաղում ասպարեզ է մտնում հանուն հաղթանակի` անկախ այն բանից` դա առաջնությա՞ն, թե՞ ընկերական խաղ է:

- Հենրիխ, քո կարիերայում եղե՞լ են դեպքեր, երբ խփածդ գոլը սկզբում քո անվան դիմաց չեն գրանցել, սակայն հետո արդարությունը հաղթանակել է:
- Ոչ, սա իմ կարիերայում առաջին դեպքն էր: Խաղից հետո հաճելի էր տեսնել, որ գոլը գրանցվել է իմ օգտին: Արդեն 21 գոլ: Բայց ամենակարևորը «Դինամոյի» նկատմամբ հաղթանակն է, որովհետև դա շատ ծանր հանդիպում էր: Կարծում եմ` վաղուց նման հանդիպում չէինք ունեցել:

- Իսկ ի՞նչ է ասում Միստերը` կապված 25 գոլի հետ: Գուցե ինչ-որ կերպ նշե՞ք, թիմը որևէ բա՞ն նվիրի…
- Ոչ, դեռ ոչինչ չեն ասել: Կարևորն այն է, որ թիմն ուրախանում է, երբ ես գոլ եմ խփում: Դա շատ հաճելի է:

- Հենրիխ, եթե վերադառնանք տրանսֆերային թեմային, մամուլում շատ տեղեկություններ են հրապարակվում, որ դու կարող ես տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»: Դա ինչպե՞ս կարող ես մեկնաբանել:
- Եվս մեկ անգամ կասեմ. չգիտեմ, թե որ թիմն է հետաքրքրվում իմ ծառայություններով, և եթե այդ մասին Դմիտրի Սելյուկը գիտի, դիմեք նրան և հարցրեք, թե ինչ գիտի: Իմ մտքերը կապված են միայն «Շախտյորի» հետ, և մինչև մրցաշրջանի ավարտը ես մտածելու եմ միայն այս թիմի և այն մասին, թե ինչպես օգտակար լինեմ իմ ակումբին:

- Իկեր Կասիլյասն այսպիսի սովորություն ունի. խաղից հետո նա իր ձեռնոցները նվիրում է երկրպագուներին: Եթե խփես հիշարժան գոլը, որևէ մեկին կնվիրե՞ս քո խաղակոշիկները:
- Խաղակոշիկնե՞րը: Կաշխատեմ նվիրել (ծիծաղում է): Սակայն կարծում եմ, որ արժե նվիրել մարզաշապիկը, երբ խփեմ 22-րդ գոլը:

- Ի՞նչ ես կարծում, Ուկրաինայի առաջնության գործող ռեկորդը (22 գոլ) շա՞տ է, թե՞ քիչ:
- Կարծում եմ` նորմալ է, որովհետև վաղուց այդքան գոլեր չեն խփել: Վերջին անգամ 17 գոլ է խփել իմ լավ ընկեր Եվգենի Սելեզնյովը: Կասեմ, որ 22 գոլը բավարար է, որովհետև Ուկրաինայի առաջնությունում շատ դժվար է գոլեր խփել այն պատճառով, որ մեծ մասը պաշտպանվում են և «Շախտյորին» տարածություն չեն տալիս խաղի համար:

- Որքանո՞վ է թիմի համար դժվար գործնականում յուրաքանչյուր հանդիպում անցկացնել անկայուն պաշտպանական օղակով, քանզի կենտրոնական և ձախ պաշտպանները հաճախ են փոխվում: Օրինակ` «Զարյայի» հետ հաջորդ խաղը որակազրկման պատճառով բաց կթողնի Յարոսլավ Ռակիցկին:
- Կարծում եմ` խնդիրներ չեն լինի: Միստերը շատ լավ գիտի, թե ում պետք է վստահի` խաղալու այդ դիրքում: Յարոսլավի կարմիր քարտը հարկադրական էր, որովհետև եթե նա կանոնները չխախտեր, կարող էինք գոլ բաց թողնել, իսկ նա ամեն ինչ արեց, որպեսզի դա տեղի չունենա:

- «Դինամոյից» հետո «Զարյան» բա՞րդ մրցակից է:
- Ես կարծում եմ, որ մի մրցակցից մյուսին տրամադրվելու հարցում խնդիրներ չենք ունենա, քանզի գերազանց գիտենք, թե ինչպես պետք է դա անենք: Իհարկե, մեզ ծանր խաղ է սպասվում:

- Անցած մրցաշրջանում դու Եվգենի Սելեզնյովին օգնեցիր` նվաճելու Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը: Որևէ պայմանավորվածություն ունե՞ս թիմակիցներիդ հետ, որպեսզի նրանք հաճախ քեզ փոխանցումներ կատարեն:
- Ոչ (ժպտում է): Ես երբեք նման բան չեմ խնդրի: Եթե դարպասի գրավման համար հարմար դիրքում չլինեմ, դա ճիշտ չի լինի: Չարժե ուշադրությունը կենտրոնացնել նման պահերի վրա, որովհետև եթե խաղաս մեկ ֆուտբոլիստի համար, ոչինչ չի ստացվի: Ուստի եթե լավ պահ ունենամ` փոխանցում ստանալու համար, միշտ ուրախ կլինեմ: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ինչպես կընթանա խաղը:

- Դու Ալ Պաչինոյի դիմանկարով մարզաշապիկ ես կրում: Դա կապվա՞ծ է ինչ-որ բանի հետ:
- Դե չէ, ուղղակի մարզաշապիկն ինձ դուր է եկել, և ահա ես կրում եմ այն (ծիծաղում է):

Հենրիխ Մխիթարյան. «Երբեք նման բան չեմ խնդրի»