«Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ
10/04/2013 20:48

«Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր հանդիպում ունեցան Կենտրոն համայնքի բնակիչների հետ: ԲՀԿ խմբակցության քարտուղար, քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ միայն այս հանդիպմամբ չեն սահմանափակվելու, և Կենտրոն համայնքի բնակիչները դեռ հնարավորություն կունենան իրենց հարցերի պատասխանները ստանալ բակային հանդիպումների ժամանակ:

«Մենք չպետք է Երևանի խնդիրները առանձնացնենք հանրապետական խնդիրներից: Այո, Երևանի համաչափ զարգացումը կարևոր խնդիր է, քանի որ Երևանը միայն կենտրոնը չէ, քանի որ, երբ կենտրոնից դուրս ես գալիս, հայտնվում ես լրիվ այլ իրավիճակում ու պայմաններում: Սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակ և այլն, և սա գերագույն խնդիր է, որին ԲՀԿ-ն իր սոցիալ-տնտեսական ծրագրում անդրադարձել է»,- իր ելույթը սկսեց Ն. Զոհրաբյանը:

Քանի դեռ մեծամասնությունը ԱԺ-ում, կառավարությունում պատկանում է մեկ ուժի, ապա խոսել հիմնարար խնդիրների լուծումների մասին, ըստ բանախոսի, անհնար է. «Երեկ մենք տեսանք ՀՀ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, տեսանք, թե ինչ է նշանակում «Ապահով Հայաստան» կարգախոսները՝ մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը»,-  ընդգծեց Ն.Զոհրաբյանը:

Նա նշեց, որ Հայաստանում ծանր տնտեսական պայմաններ են, որոնք արտացոլվում են չոր թվերում՝ օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 59 տոկոսով, այսինքն՝ օտարերկրացիների համար հայաստանյան շուկան այլևս գրավիչ չէ:

Ն. Զոհրաբյանը  նշեց նաև, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդքան բարձր են ավիափոխադրումների սակագները, ինչպես նաև՝ Հայաստանը միակ երկիրն է, թերևս, որը 174 մլն դրամ հատկացնում է երկու զուգարան տեղադրելու համար, որոնք անգամ չեն աշխատում:

«Աննախադեպ գնաճով, մարդու արժանապատվությունը ոտնահարող քայլերով գնում ենք դեպի ապահով Հայաստան»,- հավելեց նա:

ԲՀԿ քարոզչության պատասխանատուն տեղեկացրեց, թե ինչ են իրենք պատրաստվում անել՝ երևանցու կյանքը հարմարավետ դարձնելու համար: Այն է՝ մայրաքաղաքը հասանելի պետք է լինի բոլորի համար՝ երեխաների, մեծահասակների, հաշմանդամություն ունեցողների: Բացի այս, ըստ Ն. Զոհրաբյանի, լուծվելու է քաղաքացու նկատմամբ պատշաճ և արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու խնդիրը մայրաքաղաքի կառույցներում. «Մեզ համար կա մեկ գերակա կարևոր խնդիր. քանի դեռ մեր երկրում կա մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, որևէ առաջընթաց չի լինի երկրում, և սոցիալ-տնտեսական ծանր պայմանները կմնան անփոփոխ»,- շեշտեց նա:

Ն. Զոհրաբյանը հորդորեց բոլոր ուժերին համագործակցել ԲՀԿ-ի հետ՝ ՀՅԴ-ին, «Ժառանգությանը» և անգամ «Առաքելությանը»: 

«Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ