.jpg)
Տիգրան Սարգսյան. Մեղքի զգացում ունենք
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանին՝ հարցնելով, թե չի մտահոգվում, չի տանջում վարչապետին այն միտքը, որ հանձնում է մի կառավարություն, երբ միլիոնից ավելի ընտանիքներ աղքատ են, երեխաները սոված են և նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամ է. «Արդյոք տառապում եք, որ նման կառավարություն եք հանձնում»,- հարցրեց Փոստանջյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորին, որ միշտ հետաքրքրվում է, թե ինչ զգացմունքներով են ապրում և ինչ տրամադրություն ունեն.
«Շնորհակալ եմ, որ անհանգստանում եք, թե ինչ մեղք ենք գործում: Շնորհակալ եմ, որ այսքան նրբազգաց եք, բայց պիտի խնդրեմ, որ քաղաքական կեցվածքում այդ մարդկային նրբերանգները պահպանվի, որը պետք է ոչ թե ինձ, այլ՝ հասարակությանը»,- ասաց Տ. Սարգսյանը:
Շարունակելով խոսքը՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ բացթողումներ, սխալներ եղել են, սակայն չի սխալվում այն մարդը, ով ոչինչ չի անում:
«Մեղքի զգացում ունենք, բայց մեծ համարձակություն է պահանջվում, որ սեփական մեղքերը տեսնի մարդը և դա երաշխիք է, որ այլևս չսխալվի»,- ասաց նա:
Վարչապետը չհամաձայնեց Զ. Փոստանջյանի գնահատականների հետ, որոնք վերաբերում էին անցյալ տարիների աշխատանքին:
Ինչին հակադարձեց Փոստանջյանը՝ հարցնելով, թե «ի՞նչ պետք է անեիք, որ չարեցիք, որ միլիոնից ավելի մարդ քաղցած չլիներ, որ մարդիկ չարտագաղթեին:
Վարչապետի պաշտոնակատարը կրկին ասաց, որ համամիտ չէ, թե ձախողել են. «Մենք արել ենք առավելագույնը»:
Ընդհանուր ուղղությունը, ռազմավարությունը ճիշտ է եղել: Կարծում եմ, որ մեր հիմանական թերացումը եղել է այն, որ մենք չենք կարողացել՝ ձեզ հետ միասին, գալ համաձայնության այն հարցի շուրջ, թե որոնք են այդ խնդիրների բուն պատճառները, և այստեղ է, որ մեր քաղաքական ընկալումներն էապես տարբերվում են, և սա լրջագույն բացթողում է, որ չենք կարողացել ձեզ համոզել, որ մեր ախտորոշումներն իրականությանն ավելի մոտ են, քան ձեր ախտորոշումները»: