Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն շարունակելու է Տաջիկստանի հետ համագործակցությունը
10/04/2013 21:30

Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն շարունակելու է Տաջիկստանի հետ համագործակցությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը հույս ունի խորացնել երկխոսությունը Տաջիկստանի հետ՝ տարածաշրջանում, ինչպես նաև՝ Աֆղանստանում՝ անվտանգության խնդիրների վերաբերյալ: Այս մասին նա ասել է եռօրյա այցով Բելգիա ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՆԱՏՕ-ն  հույս ունի ստանալ Տաջիկստանի աջակցությունը՝ նաև 2014 թվականից հետո, երբ Միջազգային անվտանգության աջակցության ուժերը (ISAF) դուրս կգան Աֆղանստանից: 

«Մենք բարձր ենք գնահատում Տաջիկստանի կողմից կոալիցիոն ուժերին ցուցաբերած օգնությունը՝ թույլ տալով Դուշանբեի օդանավակայանը օգտագործել մեր ուժերի օդային տրանզիտի համար»,- ասել է Ռասմուսենը:

Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի առաջին երկիրն էր, որ 2001 թվականին թույլ տվեց իր օդային տարածքն օգտագործել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի տրանզիտի համար:

Զրույցի ժամանակ երկու կողմերը հանդես են եկել թմրանյութերի, ահաբեկչության, ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի և «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում զենքի պաշարների ոչնչացման հայտարարությամբ:

«Մեզ գոհացնում է մեր այսօրվա հանդիպման արդյունքները, որի հիմնական թեման տարածաշրջանում անվտանգության խնդիրն է՝ հաշվի առնելով Աֆղանստանում տիրող իրավիճակը»,- համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Տաջիկստանի նախագահը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի հետ իրենց համագործակցությունն ուղղված է Աֆղանստանում կայնություն հաստատմանը: 

Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն շարունակելու է Տաջիկստանի հետ համագործակցությունը