.jpg)
ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան մարտին գաղտնի խորհրդակցություն են ունեցել
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քլիֆֆորդ Հարթը և ՄԱԿ-ում Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության դեսպան Հան Սոնգ Ռերը մարտ ամսին գաղտնի հանդիպում են ունեցել, երբ Փհենյանն Կորեական թերակղզում սկսել էր սրել իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է pravda.ru կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է մարտի կեսերին և, ինչպես դիվանագիտական շրջանակներում են դա կոչում՝ «նյույորքյան ալիքով», որը քիչ թե շատ հարմար մեթոդ է Վաշինգտոնի և Փհենյանի միջև ուղիղ բանակցություններ իրականացնելու համար:
Վաշինգտոնը ուղղակի խնդրել է փոխանցել իր ուղիղ առաջարկությունը՝ հրաժարվել սադրանքներից, վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, ինչպես նաև՝ կատարել միջազգային պատժամիջոցների պահանջները։
Ըստ աղբյուրի՝ Հան Սոնգ Ռերը խոստացել է տեղեկությունը փոխանցել ԿԺԴՀ-ին։
Կողմնակի փորձագետների կարծիքով՝ հանդիպումը խորհրդանշում է այն փակուղին, որում հայտնվել է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն` այդ հարցը լուծելու համար։
Հիշեցնենք, որ միջազգային հանրությունը ակնկալում է, որ ԿԺԴՀ-ն օրերս կարող է մեկ կամ մի քանի բալիստիկ հրթիռ արձակել։ Սեուլի և Վաշինգտոնի հետախուզությունը հաստատել է, որ դրանց արձակումն արդեն պատրաստ է։