.jpg)
Վահան Ասատրյանը մահացել է. Նրան չհաջողվեց փրկել
45-ամյա բասկետբոլիստ Վահան Ասատրյանի կյանքը փրկել չհաջողվեց: Անսպասելիորեն վրա հասած ծանր հիվանդությունը բուժելու նպատակով նա պետք է մեկներ արտասահման, այլապես երիկամների անբավարարության և բազմակի միելոմա (արյան քաղցկեղ) հիվանդությունները նրա կյանքը արագ կհասցնեին իր մայրամուտին: Իսրայելի ու Գերմանիայի մասնագետները Վահանի հարազատներին խորհուրդ էին տալիս ժամանակ չկորցնել և նրան արագ տեղափոխել այդ երկրներից մեկը, բայց…
Այսօր տարածվեց Վահանի մահվան լուրը: Այդ կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը:
«Հոգու մեծ կսկիծով տեղեկացա իմ մարզական ընկերոջ մահվան մասին: Մեր շարքերից վաղաժամ հեռացավ մեր լավագույն ընկերն ու բարեկամը՝ Վահան Ասատրյանը:
Լինելով իր ոլորտի մասնագետ և նվիրվելով սիրված մարզաձևին՝ բասկետբոլին, նա ակտիվ մասնակցություն է ունեցել մարզաձևի մասսայականացման գործում: Վահանը սպորտի վարպետ էր, լավ հայր, ամուսին, զավակ և ընկեր: Դեռ որքա՜ն ծրագրեր և երազանքներ ուներ նա, որոնք անկատար և չիրականացված մնացին…
Անսահման մեծ և անդառնալի է մեր կորուստը:
Ես անկեղծորեն ցավակցում եմ Վահան Ասատրյանի ընտանիքին, բարեկամներին և ընկերներին, հայտնում նրանց իմ զորակցությունը և մաղթում հոգու արիություն՝ այս կորստին դիմակայելու համար»,- գրել է Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում:
Վահան Ասատրյանը երկու դպրոցահասակ երեխաների հայր էր և օժտված մարզիչ: Նրա մոտ 2013 թ. հունվարին հայտնաբերվել է երիկամների անբավարարություն, բազմակի միելոմա (արյան քաղցկեղ): Վ. Ասատրյանը ՀՀ բազմակի չեմպիոն էր, սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, 1996 թ.-ին ճանաչվել է նաև Եվրոպայի լավագույն մրցավար: 1990 թ.-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ է, 2005 թ.-ից` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս: