.jpg)
Ուկրաինայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Ուկրաինայում տեղի կունենա միջոցառում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին տեղեկացնում է Analitika.at.ua պարբերականը:
Ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն: Միջոցառումները նվիրված են Հայոց ցեղասպանության 98-ամյակին: Հայկական համայնքներում կկազմակերպվեն կլոր սեղաններ, հիշատակման երեկո, փաստագրական ֆիլմերի ցուցադրում և այլն:
«Հայերի ողբերգությունը վերաբերվում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի: Ցեղասպանությունը ահավոր ցավ է, որն անցել է սերնդից սերունդ, և երբեք չի մոռացվի: Յուրաքանչյուր հայ ապրում և հավատում է, որ Աստված ամեն ինչ իր տեղը կդնի, և արդարություն կվերականգնվի»,- նշել է Ուկրաինայի հայերի միություն նախագահ Վալերի Շատվորյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին, շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: