Գիտնական. Անտառերի վրա ճնշումը շարունակվում է
13/04/2013 17:50

Գիտնական. Անտառերի վրա ճնշումը շարունակվում է

Այսօր մենք չգիտենք, թե որքան անտառային պաշարներ ունենք, Հայաստանն ունի նաև անտառների կառավարման խնդիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարհագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյան:

Նա ներկայացրեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալները, ըստ որոնց  2007 թ-ին Հայաստանի անտառածածկ տարածքը կազմել է 283.000 հա, 2011 թ-ին արդեն` 262 000 հա, որը երկրի ընդհանուր տարածքի ինը տոկոսն է:

Այսօր՝ որպես անտառածածկ տարածք, պաշտոնապես նշվում է 334 000 հա, որը հատումներից հետո անկանոն վերաճի արդյունք է:

Հ. Սայադյանը նաև նշեց, որ Հայաստանի անտառները յուրահատկություն ունեն` գտնվում են լեռնային համակարգերի վրա: Հայաստանի մեկ  բնակչին ընկնում է 0.1 հա անտառային տարածք:

Բանախոսն օրինակ բերեց Շվեդիան, որտեղ երկրի 60 տոկոսն անտառածածկ է, սակայն հիմնականում տարածված են հինգ ծառատեսակներ, մինչդեռ Հայաստանի անտառաներում աճում է շուրջ 262 ծառատեսակ: 

Հովիկ Սայադյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությամբ անտառները ոչ թե պետք է դիտարկել որպես փայտանյութի պաշարների աղբյուր, այլ կենսաբազմազանության և սոցիալական կոմպոնենտի տեսանկյունից.

«Անտառների վրա ճնշումը շարունակվում է»,- ավարտեց բանախոսը:  

Գիտնական. Անտառերի վրա ճնշումը շարունակվում է