.jpg)
Ուրանի պաշարներ ունենք, սակայն հետախուզված չեն
Հայաստանում ուրանի պաշարները հետախուզված չեն, և մենք էլ հստակ չենք կարող ասել թե որքան ուրանի պաշար ունենք: Aysor.am-ի հետ զրույցում ասաց երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը:
Հ. Ավագյանը նշեց, որ ուրանի չհետախուզված հանքեր կան Վայքում, Ճամբարակի շրջանում, Քաջարանի մոտ: Նա նաև հաղորդեց, որ Քաջարանի մոտ 2-3 տարի առաջ հետախուզում իրականացրել է մի ռուսական կազմակերպություն, հետո աշխատանքները դադարեցրել են, թե ինչո՞ւ` հայտնի չէ:
Տարբեր վայրերում կան ուրանի երևակումներ, նույնիսկ Ամուլսարի ոսկու հանքավայրի հյուսիս-արևմտյան հատվածում, որտեղ ըստ որոշ մասնագետների՝ 500 մետր տարածքի վրա և 300 մետր խորքում ուրանի պաշարներ կան, բայց դա հիմնավորված չէ:
Նշված վայրում ուրանի և թորիումի քայքայման հետևանքով ռադոն գազ է անջատվում: Ըստ մասնագետի՝ հավանական է, որ ուրանի այդ պաշարը միանում է Ամուլսարի հանքավայրին: Երբ անալիզի են ենթարկել Ամուլսարից 40 նմուշօրինակ, պարզվել է, որ նմուշների մեջ ուրանի և թորիումի տարրեր կան:
Ըստ Ավագյանի՝ Ամուլսարից վերցված նմուշների մեջ ոսկու պարունակությունը միջինն հաշվարկված ցուցանիշից պակաս է 180 անգամ: Օգտակար ու վնասակար տարրերի` գալիում, գերմանիում, ցինկ, ոսկի, արծաթ, թորում, պղինձ, կապար, սելեն, մկնդեղ, բերիլիում և այլնի պարունակությունը, սակայն, կարող է ավելի բարձր լինել. եթե անգամ այդ ցուցանիշները բարձր լինեն երկու անգամ, շահագործման ժամանակ՝ թափվելով բաց տարածք, վնաս են ներկայացնելու: Ամուլսարի շահագործման ժամանակ առանձնացվող ծանր և թունավոր նյութերը տարածաշրջանում բնապահպանական և առողջապահական խնդիրներ կառաջացնենեն: Սահմանվածից ավելի միկորտարրերը կարող են առաջացնել քաղցկեղ, սիրտանոթային հիվանդություններ:
Այս ամենը նաև մեծ խնդիր է Սևանի ջրհավաք ավազանի համար. Ամուլսարի հարևանությամբ են գտնվում Կեչուտի և Սպանդարյան ջրամբարները, իսկ Կեչուտի ջրամբարը Արփա-Սևան թունելով միանում է Սևանա լճին: Թունավոր նյութերը Կեչուտի ջրամբարով կհայտնվեն լճում, իսկ թե ինչ կլինի հետո, մեծ երևակայություն պետք չէ: