.jpg)
Իրան. Իմաստ չունի Միացյալ Նահանգների հետ ուղղակի բանակցություններ վարել
Միացյալ Նահանգների հետ իմաստ չունի ուղղակի բանակցություններ վարել: Այս մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Ալմա Աթայում կայացած «5+1» խմբի հանդիպման շրջանակում Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև անցկացված 40 րոպե տևողությամբ ուղղակի բանակցություններին, մասնավորապես նշել է. «Իհարկե, «5+1» խմբի շրջանակում ամերիկյան կողմը բազմիցս առաջարկել է ուղղակի բանակցություններ վարել, սակայն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ցուցումի համաձայն, մենք այնքան էլ լավատես չենք, սակայն սկզբունքորեն դեմ էլ չենք: Այդուհանդերձ, եթե հոգևոր առաջնորդի կողմից առաջ քաշված պայմաններ կբավարարվեն, որոնց դեպքում ուղղակի բանակցությունները արդյունք կտան, այդ դեպքում իմաստ կունենա բանակցել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ի պատասխան ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում հնչած հայտարարությանը, թե Վաշինգտոնը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ուղղակի բանակցություններ վարել, մասնավորապես նշել է. «Ես դիվանագետ չեմ, ես հեղափոխական եմ. իմ խոսքը պարզ է և դիպուկ: Դուք՝ ամերիկացիներդ, զենքը պահել եք մեզ վրա և ասում` «կամ բանակցում եք, կամ կրակում ենք»: Լավ իմացեք, ճնշումն ու բանակցությունները միմյանց հետ չեն զուգակցվում»:
ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ հոգևոր առաջնորդը հանդիսանում է երկրի ԶՈւ գերագույն հրամանատարը և նրա լիազորությամբ է մշակվում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:
Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը: