Առաջին նախագահ. Մենք քաղաքապետ ունենալու հավակնություններ չունեինք
13/04/2013 17:16

Առաջին նախագահ. Մենք քաղաքապետ ունենալու հավակնություններ չունեինք

Մենք քաղաքական ուժ ենք և միանում, աջակցում, սատարում ենք այն ուժերին, որոնք տանում են քաղաքական պրոցեսներ: ՀԱԿ կուսակցության համագումարում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հետընտրական շրջանում, նրա խոսքով, կար ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսներից. «Մենք պատրաստ ենք «Ժառանգության» հետ համագործակցել»,- ասաց նա` պարզաբանելով, թե քաղաքական պրոցես ասելով` նկատի ունի ընտրություն:

«Խնդրեմ` եկեք միանանք, նախապես էլ ասում էինք եկեք` միասնական ցուցակով հանդես գանք: Մենք հավակնություններ չունեինք քաղաքապետ ունենալ, թող առաջին տեղում լիներ նա, ով կուզեր` լիներ դաշնակցական, ժառանգական, բարգավաճից, մեզ համար տարբերություն չկար»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Նա կոչ արեց վերջ տալ դեմագոգիային` առաջարկելով ստեղծել ընտրությունները վերահսկելու լծակներ:

«Այսօր ստեղծված է հնարավորություն` Երևանում ջախջախիչ պարտության մատնել Սերժ Սարգսյանին, իսկ եթե ռեժիմը նման պարտություն կրի, դա նշանակում է, որ ռեժիմը դատապարտված է կործանման, և ով երազում է նախագահ դառնալ, դրա ճանապարհը Երևանի ավագնու ընտրություններում հաղթանակ տանելն է: Դե եկեք, տարեք այդ հաղթանակը»,- ընդգծեց երկրի առաջին նախագահը:

Տեր-Պետրոսյանը խոսեց նաև գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին` նշելով, թե «Տ. Մարգարյանը համակարգի մի խամաճիկն է, և ով էլ նշանակվի Տարոնի փոխարեն, նրանից լավը չի լինի»:
 

Առաջին նախագահ. Մենք քաղաքապետ ունենալու հավակնություններ չունեինք