.jpg)
Տեր-Պետրոսյանը` Ծառուկյանի մասին. Նա չի կարող պոկվել իշխանություններից
«Մեզ սվիններով դիմավորեցին, թե ինչպես կարելի է համագործակցել ԲՀԿ-ի հետ, բայց ինչ վատ բան կար դրա մեջ, որ մենք այսօր պոկեցինք մեկին ավազակապետական իշխանություններից, վաղը՝ մյուսին, հաջորդ օրը` մեկ ուրիշին»,- ՀԱԿ համագումարում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Եթե այսօր խոշոր բուրժուազիան և իշխանությունը սերտաճած են, մենք որևէ զարգացման չենք կարող հասնել, նույն կերպ էլ տեղի ունեցավ գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ: 2008-ին Խաչատուր Սուքիաայանը ո՞վ էր, այդ խոշոր բուրժուազիայի մի մասն էր, բայց այդ մարդը հասկացավ, եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց… Իշխանությունները հենց առաջին հարվածը հասցրին նրան, հասկացան՝ որտեղ է վտանգը և ամենադաժան հարվածը հասցրին Խաչատուր Սուքիասյանին, պարզապես սնանկացրին այդ մարդուն, իհարկե, դա կանեին, որովհետև նա մենակ էր, իսկ եթե նրա նման լինեին մի քանիսը, իշխանությունը անզոր կգտնվեր նրանց դեմ պայքարում»,- ասաց Տեր-Պերոսյանը:
Շարունակելով խոսքը` նա նշեց, թե նույն ճանապարհն է ընտրել նաև Գագիկ Ծառուկյանը, և փոխանակ իշխանությունները նպաստեն այդ պրոցեսին, «և այդ մարդը մի քայլ չարեց, որ կասկածներ հարուցի, որ նա, իսկապես փորձում է պոկվել իշխանություններից»:
«Ես չեմ ասում նա լրիվ պոկվել է իշխանություններից, նա չի կարող` հսկայական տնտեսություններ ունի, բայց փորձում է, գնում է այդ ճանապարհով` նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս, դուրս եկավ կոալիցիայից, նախագահական ընտրություներին չսատարեց Սերժ Սարգսյանին, խորհրդարանականին առանձին մասնակցեց, չմասնակցեց Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ…. Ինչպե՞ս կարելի է վանել մեկին, որը փորձում է պայքարել այդ չարիքի դեմ: Ես չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանալու է հենց ԲՀԿ-ն, որովհետև Սերժը զգում է այդ վտանգը: Իմ կարծիքով` թույլ չեն տալու ունենալ այն հաջողությունը, որը ունեցավ խորհրդարանական ընտրություններում, որովհետև այս օրինակը կարող է վարակիչ լինել մյուս օլիգարխների համար»,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը:
Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, ՀՀ առաջին նախագահի խոսքերով, կփոխվի նաև «Ժառանգության» նկատմամբ. «Չկարծեք, թե թույլ են տալու ստանալ այն տոկոսները, ինչ նախագահական ընտրություններում: Սերժ Սարգսյանը հիշաչար մարդ է և երբեք չի ներելու Գագիկ Ծառուկյանի երկու տարվա անկախ քայլերի համար, թույլ չի տալու, որ նա ավելի ամրապնդվի: Չի ներելու նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, չի ներելու 37 տոկոս ստացած ձայները»:
Եզրափակելով խոսքը` Տեր-Պետրոսյանն ասաց, որ Երևանի ավագանում ընտրություններում Սերժ Սարգսյանը կփորձի Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տալ ուրիշ տոկոս, թե «տես, այ սա է քո տոկոսը»: