.jpg)
«Բի-Բի-Սի». ԱՄՆ կառավարությունը քննադատել է Ադրբեջանին
ԱՄՆ-ն քննադատել է Ադրբեջանին՝ ազատ խոսքի նկատմամբ հետապնդումներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC լրատվական գործակալությունը:
ԱՄՆ կառավարությունը քննադատել է Ադրբեջանին` Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ժողովրդավարամետ «Ազատ միտք» (Azad Fikir) համալսարանը փակելու համար:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հանդիպել է «Ազատ մտքի համալսարանի» ներկայացուցիչների հետ՝ նրանց ներկայացնելու իր ավելի վաղ նախատեսված ելույթը, որն այդպես էլ չի կայացել այս ինստիտուտի փակվելու պատճառով:
«Ինձ հատկապես հիսաթափեցրել է լուրը, որ իշխանությունները փակել են «Ազատ մտքի համալսարանը: Ես` որպես Ադրբեջանի բարեկամ, ցանկանում եմ, որ կառավարությունը գործի քաղաքացիների, հատկապես երիտասարդ քաղաքացիների հետ, ովքեր իրենց օրինական մտահոգություններ են արտահայտում»,- նշել է Մորնինգսթարը:
Նշենք, որ համալսարանի ներկայացուցիչներն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել են, որ Գլխավոր դատախազության աշխատակիցներն ապրիլի 10-ին անսպասելիորեն հայտնվել են համալսարանում և կապարակնքել բոլոր գրասենյակները՝ առանց որևէ բացատրություն տալու։
BBC լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ «NIDA» երիտասարդական շարժման յոթ ակտիվիտսների մեղադրել են` «ապօրինի զենք, պայթուցիկ նյութեր, սարքեր ու թմրամիջոց պահելու մեջ» և նրանք կարող են ութ տարի ազատազրկման դատապարտվել:
«Այս տարի ընտրական տարի է Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիրի համար, իսկ Ադրբեջանում արտասովոր բողոքի ակցիաներ են սկսվել: Իրավապաշտպան խմբերը մեղադրում են կառավարությանը` այլախոհներ «բերանը փակելու» և լրագրողներին կտտանքների ենթարկելու մեջ»,- գրում է աղբյուրը: