Երևանում կանցկացվի ջութակի վարպետության դասընթաց
13/04/2013 17:59

Երևանում կանցկացվի ջութակի վարպետության դասընթաց

Երևանում մայիսի 3-9-ը կազմակերպվելու է ջութակի վարպետության դասընթաց: Դասընթացը վարելու է Գերմանիայի Դետմոլդ քաղաքի երաժշտական համալսարանի հանրահայտ պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդան: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, որի աջակցությամբ էլ գերմանա-հայկական երաժշտական միությունը կազմակերպում է վարպետության դասընթացը:

Վարպետության դասընթացի նպատակն է երաժիշտ-կատարողների մասնագիտական աճի խթանումը, ինչպես նաև երիտասարդ ջութակահարների նախապատրաստումը առաջիկա ստուգատեսներին՝ համերգների, մրցույթների, քննությունների: Դասընթացի ընթացքում մասնակիցներին կնվագակցի անվանի դաշնակահար Վալտեր Դելահունթը: Դասընթացը կանցկացվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և բաց կլինի ազատ ունկնդիրների համար: Մասնակցության ծրագիրն ազատ է: Դասընթացի բոլոր մասնակիցները կստանան ավարտական վկայական, իսկ լավագույն մասնակիցները՝ Պիրաստրո ֆիրմայի ջութակի լարերի հավաքածու:

Մայիսի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դասընթացի շրջանակում տեղի կունենա համերգ՝ պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդայի, դաշնակահար Վալտեր Դելահունթի, ինչպես նաև Անի Աղաբեկյանի /ջութակ/, Վաչե Հովեյանի /ալտ/ և Լևոն Առաքելյանի /թավջութակ/ մասնակցությամբ:

Եզրափակիչ համերգը կկայանա մայիսի 9-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ դասընթացների լավագույն մասնակիցների մասնակցությամբ:

 

Երևանում կանցկացվի ջութակի վարպետության դասընթաց