.jpg)
Ադրբեջանում սուր բանավեճ է սկսվել իսլամականների և Ալիևի վարչակարգի միջև
Վերջին ժամանակաշրջանում բավական հաճախ են խոսում Ադրբեջանի Հանրապետությունում իսլամական տրամադրությունների աճի, պետության սահմաններում նաև իսլամական ծայրահեղական ուժերի գործունեության ակտիվացման մասին: Քիչ չեն նաև կանխատեսումները, որ այս հանգամանքն իսկական գլխացավանքի է վերածվելու ալիևյան վարչակարգի համար: Բանը հասել է նրան, որ իրավասու մարմիններից բացի (ասենք, այդ երկրի կրոնական հարցերով զբաղվող մարմինները) իսլամականների դեմ սկսել է հանդես գալ նույնիսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը:
Մասնավորապես, ըստ ադրբեջանական Haqqin.az կայքի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Ջանփոլադ Մուսայևը Շեմախում` Հեյդար Ալիևի 90-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում հնչեցրած ելույթում մեղադրել է աստվածաբաններին և հավատացյալների խմբերին` երկրում սադրանքների հրահրման և արտաքին թշնամական ուժերի հետ համագործակցության համար:
Թերևս ուշագրավ է այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում «արաբական գարնան» շրջանականերում տեղի ունեցած և ընթացող գործընթացների համատեքստում, գոնե իշխանափոխություն ապրած պետությունների նախկին իշխանությունները ևս իրենց երկրներում ծավալված իրադարձությունները որակում էին որպես արտաքին ուժերի կողմից իրականացվող սադրանք կամ դավադրություն: Ասվածի ամենավերջին օրինակներն են, ասենք, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի, կամ Եմենի արդեն պաշտոնաթող նախագահ Ալի Աբդալլահ Սալիհի անցյալ ամսվա ընթացքում տված հարցազրույցները, որոնց ընթացքում վերոնշյալ անձինք այդ գործընթացներում անկյունաքարային են համարում բացառապես արտաքին գործոնները:
Թերևս նույն տրամաբանության մեջ է նաև ադրբեջանցի իսլամականների պատասխանը: Մեկնաբանելով Ջանփոլադ Մուսայևի հայտարարությունը` Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավարի տեղակալ հաջի Ռովշան Ահմեդլին նշել է.
«Պետական ծառայողին հարիր չեն նման անհեթեթ հայտարարությունները: Նրանում, որ երկրում համակարգային ճգնաժամ է, մեղավոր են ոչ թե հավատացյալները, այլ հենց իշխանությունները: Ցավոք վարչակարգը, փոխանակ լուծելու այդ խնդիրները, օտարերկրյա ուժերի փնտրտուքով են զբաղված: Հավատացյալներին, ինչպես նաև երկրի քաղաքացիների մյուս շերտերին Սահմանադրությամբ թույլատրվում է պահանջել սեփական իրավունքները, և դա որևէ կապ չունի արտաքին ուժերի հետ: Նման մեթոդներով իշխանություններն ավելի են բարդացնում երկրում ստեղծված իրավիճակը և ուղղում են այդ գործընթացները սխալ հունով»,- հայտարարել է իսլամականը` հավելելով, որ երկրում հասունացել է «ժողովրդական ապստամբությունը»:
Պարզ է, որ ադրբեջանական իշխանությունները, հատկապես ընթացիկ տարվա վերջին երկրում սպասվող քաղաքական գործընթացների նախաշեմին, լուրջ սպառնալիք են տեսնում նաև իսլամական գործոնի հնարավոր դերակատարության մեջ, և հատկապես երկրի տարբեր բնակավայրերում վերջին շրջանում ակտիվացած տարաբնույթ բողոքի ակցիաների և ելույթների համատեքստում` դրանց տալով բացառապես արտաքին աստառով պարուրված զավեշտալի և պարզունակ մեկնաբանություններ: