Մարկոսովը զարմացած է
15/04/2013 20:32

Մարկոսովը զարմացած է

Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն ավելացրել է «Ուֆայի» լավագույն ռմբարկու Միխայիլ Մարկոսովի որակազրկման ժամկետը: Հիշեցնենք, որ նա խաղադաշտից հեռացվել է «Սիբիրի» հետ Ֆուտբոլային ազգային լիգայի 23-րդ տուրի տնային խաղում (1:1): Մարկոսովն անհաջող բախվեց հյուրերի դարպասապահ Իլյա Տրունինի հետ, որից հետո երկուսն էլ հոսպիտալացվեցին: Մարկոսովն ուղեղի ցնցում էր ստացել և քթի կոտրվածք, իսկ Տրունինը` ուղեղի ցնցում և դեմքի ոսկորի կոտրվածք:

Սկզբում որոշվել էր, որ Մարկոսովը կորակազրկվի նվազագույն ժամկետով` երեք խաղով` հաշվի առնելով արձանագրության մեջ հանդիպման գլխավոր մրցավարի ձևակերպումը: Նույնիսկ «Սիբիրի» ղեկավարությունն էր խոստովանել, որ դա դժբախտ դեպք էր, իսկ «Ուֆան» ու Մարկոսովն իրենց վրա էին վերցրել Տրունինի բուժման հետ կապված բոլոր ծախսերը: Ուստի կարգապահական կոմիտեի` Մարկոսովի որակազրկումը 6 խաղի վրա տարածելու որոշումը շատ անսպասելի էր…

«Արդեն հարյուր անգամ ասել եմ, որ բախման պահին չեմ տեսել Տրունինին: Ինձ հարվածեցին, դա երևում է կադրում, ինչը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցներում խոստովանել են շահագրգիռ բոլոր կողմերը,- ասել է Մարկոսովը:- Կատարվածին բացատրություն պարզապես չկա: Չեմ ուզում, որ ինձ օգտագործեն ինչ-որ անդրկուլիսյան գործերում: Միայն ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ: Ինչո՞ւ են ինձ զրկում դրանից: Ես արդեն քննարկել եմ բոլոր հնարավոր տարբերակները, թե ինչի հետ է կապված այդ որոշումը: Այնպիսի զգացում է, որ կամ ակումբին են հարվածում, կամ ես անձամբ այնպիսի բան եմ արել, ինչը նրանց դուր չի եկել: Եթե այս ամենն այն բանի հետևանք է, որ ընդունել եմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հրավերը, ապա ես հարցնում եմ, թե ինչու պետք է հրաժարվեի: Ազգային թիմից հրավեր ստանալը ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է: Եվ չնայած ես ծնվել եմ Ռուսաստանում, իմ ընտանիքի արմատները Հայաստանում են: Մի՞թե դրա համար պետք է պատժվեմ»:

Միևնույն ժամանակ «Ուֆայում» ավելի զուսպ են կատարվածի գնահատականներում: Ինչպես հաղորդել է ակումբի մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Տերտիշնիյը, «Ուֆան» դիմել է բողոքարկման կոմիտե և մինչև այդ մարմնի որոշումը Մարկոսովի որակազրկման ժամկետի երկարաձգման վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի կատարի:

Մարկոսովը զարմացած է