.jpg)
Էրիխ Ռուտեմյոլլեր. «Տեղի է ունենում խաղաոճերի միաձուլում»
Անցյալ շաբաթ Հայաստանում էր գերմանացի հանրահայտ մարզիչ, 1996 թ. Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի օգնական, իսկ ներկայումս` ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ Էրիխ Ռուտեմյոլլերը: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում Ռուտեմյոլլերը խոսել է Հայաստան կատարած այցելության իր հիմնական նպատակների, հայկական ֆուտբոլի ենթակառուցվածքների և համաշխարհային ֆուտբոլի վերջին միտումների մասին:
- Պարոն Ռուտեմյոլլեր, ո՞րն է Հայաստան Ձեր այցելության նպատակը:
- Առաջին հերթին` պետք է նշել, որ ՈՒԵՖԱ-ն փորձում է մարզչական կրթությունը Եվրոպայում հասցնել որոշակի բարձր մակարդակի, հետևաբար մենք ձգտում ենք օգտագործել տարբեր երկրների, տարբեր մարդկանց փորձը` բոլոր երկրներում մարզչական կրթության որակը բարելավելու համար: Հայաստանում մենք սկսեցինք Բ և Ա կարգի մարզչական դասընթացներով, իսկ հիմա արդեն անցկացվում է նաև մարզչական ՊՐՈ դասընթացը:
- Դուք առաջին անգամ չեք Հայաստանում: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է փոխվել կազմակերպչական առումով:
- Ինչպես արդեն նշեցի, երբ ես վերջին անգամ Հայաստանում էի, այն ժամանակ դուք անցկացնում էիք Ա կարգի դասընթացը Ֆլեմմինգ Սերիցլևի հետ, իսկ հիմա անցկացնում եք ՊՐՈ կարգի դասընթացները: Ես տեսնում եմ, որ դասընթացների կազմակերպվածությունը շատ բարձր մակարդակի վրա է: Միաժամանակ շատ կարևոր է, որ նախորդ տարի ձեր մարզիչները հնարավորություն են ունեցել ներկա լինել «Եվրո-2012»-ին և իրականացնել բարձր մակարդակի վերլուծություններ՝ դիտելով մի քանի հանդիպումներ: Փորձի փոխանակումը շատ օգտակար է բոլոր մարզիչների համար:
- Ի՞նչ կարող եք ասել Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների մասին:
- Տեսնելով ֆուտբոլի ակադեմիայի այս ֆանտաստիկ կառույցը՝ ես կարող եմ ասել, որ այստեղ ուղղակի իդեալական պայմաններ են մարզվելու, ֆուտբոլ խաղալու համար: Ունենալով այսպիսի ենթակառուցվածքներ՝ դուք կարող եք զարգացնել ձեր ֆուտբոլը, բարելավել ակումբային ֆուտբոլի, մարզչական կրթության, մրցավարության մակարդակը, զբաղվել նոր տաղանդների բացահայտմամբ:
- Պարոն Ռուտեմյոլլեր, 1996 թվականին, երբ Գերմանիայի հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն, դուք թիմի մարզչական շտաբում էիք: Կարո՞ղ եք ասել, թե ինչ հիմնական փոփոխություններ է կրել ֆուտբոլը 90-ականների համեմատությամբ:
- Եթե խոսենք կոնկրետ Գերմանիայի ընտրանու մասին, կարող եմ ասել, որ հիմնական փոփոխությունն այն է, որ հիմա մենք պաշտպանությունում անհատական հսկողությունից անցել ենք զոնալ հսկողության, հիմա կիրառվում է պրեսինգի շատ ավելի ակտիվ տարբերակ, մինչդեռ նախկինում ֆուտբոլիստներն ավելի շատ ժամանակ ու տարածություն ունեին` դաշտում դրիբլինգ անելու կամ կոմբինացիոն ֆուտբոլ խաղալու համար: Ինձ համար հենց սրանք են հիմնական փոփոխությունները, որոնք մեծապես կախված են նաև ֆուտբոլիստների ֆունկցիոնալ և հոգեբանական պատրաստականության հետ:
- Ձեր կարծիքով` ո՞րն է պատճառը, որ ազգային հավաքականներից շատերը կորցրել են իրենց ուրույն խաղաոճը և սկսել են խաղալ միանման ֆուտբոլ:
- Բավական հետաքրքիր հարց է: Ես կարծում եմ, որ հիմա տեղի է ունենում խաղաոճերի միաձուլում: Նախկինում ազգային հավաքականներում խաղում էին միայն այդ երկրի ներկայացուցիչներ, իսկ հիմա տարբեր ազգերի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը սեփական ինչ-որ բան է ներմուծում թիմի խաղի մեջ: Բացի այդ, հիմա ֆուտբոլում գաղտնիքներ չկան: Նույն վայրկյանին դու կարող ես հետևել Հայաստանի առաջին խմբի և եվրոպական ուժեղ առաջնության որևէ խաղի, փորձես համեմատել: Այս պարագայում շատ հեշտ է լինում հասկանալ, թե որն է առավել ձեռնտու և օպտիմալ տարբերակը` քո երկրում ֆուտբոլը զարգացնելու համար: Հավանաբար, հենց այն հանգամանքը, որ ժամանակակից ֆուտբոլում ինֆորմացիան հասանելի է բոլորին, ստիպում է շատերին փոխառել միմյանց խաղաոճերը և խաղալ ինչ-որ տեղ միանման ֆուտբոլ:
- Շատերն ասում են, որ 90-ականներին ֆուտբոլում անհատականություններն ավելի շատ էին, մինչդեռ հիմա գերակշռում է թիմային խաղը: Ի՞նչ եք կարծում այս մասին:
- Ես այնքան էլ համաձայն չեմ, քանի որ, չնայած ֆուտբոլը, իրոք, թիմային խաղ է, որտեղ կարևոր է թիմային ոգին, բայց ամեն դեպքում դուք միշտ էլ անհատական բարձր որակների տեր ֆուտբոլիստների կարիք ունեք: Նրանց բացակայության դեպքում, միևնույն է, հաջողություն չեք ունենա:
- Ձեր կարծիքով` Հայաստանի նման փոքր երկրները կարո՞ղ են հասնել մեծ հաջողությունների ֆուտբոլում, և ո՞րն է դրա հիմքը:
- Ես համոզված եմ դրանում, և դա վերաբերում է բոլոր երկրներին: Մեծ և փոքր երկրների միջև տարբերությունն աստիճանաբար վերանում է, բոլորը սովորել են ֆուտբոլ խաղալ: Իսկ այն, ինչ ես տեսա Հայաստանում, լավատեսություն է ներշնչում: Ապագայում դուք հաստատ կարող եք ունենալ ավելի լավ ֆուտբոլ և հասնել ավելի լավ արդյունքների: