Բանակում բացասական դրսևորումներին նախարարությունը համարժեք արձագանքում է
15/04/2013 20:37

Բանակում բացասական դրսևորումներին նախարարությունը համարժեք արձագանքում է

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների, ԱԺ աշխատակազմի, պետական կառավարման տարբեր մարմինների, միջազգային և հայաստանյան մոտ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, հայ և օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցան «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Կ. Նահապետյանը նշեց, որ ուժային կառույցների քաղաքացիական վերահսկողությունը, հասարակական իրազեկվածությունն ու թափանցիկությունն ապահովելու, հանրային վստահությունը բարձրացնելու եւ դրանք իրատեսական ու գործնական հիմքերի վրա դնելու առումով Ազգային ժողովում նոր մշակույթ է ձեւավորվում: Հենց այս խնդիրներին են ուղղված երկու խորհրդարանական լսումները եւ միջազգային սեմինարը, որոնք տեղի կունենան առաջիկա երեք օրերի ընթացքում:

Անդրադառնալով բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը՝ Կորյուն Նահապետյանը նշեց, որ այդ կարևոր խնդրի իրականացումը չի կարելի դիտարկել միակողմանիորեն: Այդ կապն ակտիվացնելու համար պահանջվում է մի կողմից հասարակական շահագրգիռ ներգրավվածություն, մյուս կողմից հասարակությանը հուզող խնդիրներին պետական կառույցների արձագանքման, դրանց լուծումներ տալու պատրաստակամություն: Հենց այդ նպատակով էլ լսումներին հրավիրված են այդ խնդրով շահագրգիռ պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ գտնելու բանակ-հասարակություն կապի ամրապնդման արդյունավետ մեխանիզմները: Նա տեղեկացրեց, որ խորհրդարանական լսումների առաջին նիստում խնդիրը ներկայացվելու է ինստիտուցիոնալ ու բարեփոխումների առաջնահերթությունների տեսանկյունից, իսկ երկրորդ նիստում լսելու են քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ նկատելով, որ խորհրդարանական լսումների թեման, արդիական լինելուց զատ, նաև շարունակական զարգացման միտում ունի, քանզի ժողովրդի ջանքերով ստեղծված բանակը միշտ պետք է նրա կողքին լինի, իսկ հասարակությունը պետք է սատարի բանակի հզորացմանը: Բանակը ի վիճակի պետք է լինի քայլել հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց, քանզի բանակի սոցիալական հենքը հասարակության բոլոր շերտերն են: Ըստ նրա՝ զինված ուժերի հասարակական վերահսկողությունը ոչ միայն սահմանադրական դրույթ է, այլև հասարակական կարեւոր պահանջ: Այս առումով, նախարարի գնահատմամբ, նախընտրելի է, որ գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման նախաձեռնողը նախարարությունը լինի, և ոչ թե հասարակությունը պարտադրի նրան՝ կատարելու այս կամ այն անհրաժեշտ քայլը: Նախարարն իր այդ մոտեցումը բացատրեց նրանով, որ փակ համակարգը միշտ էլ հանգեցնում է բացասական դրսեւորումների:

Խոսելով վստահության վերականգնման մասին՝ Սեյրան Օհանյանը նկատեց, որ այն միանշանակ չէ. օրինակ՝ «դեղին» մամուլի գնահատականներով չի կարելի պատկերացում կազմել վստահության չափի մասին: Միաժամանակ, ըստ նրա, հասարակությունը պետք է գիտակցի և չչարաշահի տեղեկացված լինելու իր իրավունքը՝ պայմանավորված բանակի պրոֆեսիոնալ առանձնահատկությամբ: Նախարարի գնահատմամբ՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման լավագույն ձեւը Պաշտպանության նախարարության՝ իրեն վերապահված խնդիրների պատշաճ իրականացումն է: Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև բանակում հանդիպող բացասական դրսևորումներին, դրանց հասարակական գնահատականներին, նախարարության համարժեք արձագանքին, դրա արդյունքում շատ հարցերի օպերատիվ լուծումներին կամ կանխարգելմանը:

Բանակում բացասական դրսևորումներին նախարարությունը համարժեք արձագանքում է