.jpg)
Օսկանյանը չի պարտադրում ընտրել ԲՀԿ-ին, այլ հորդորում է ընտրել ըստ գործի
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը, ինչպես նաև այլ ԲՀԿ-ականներ այսօր հանդիպեցին մի քանի տասնյակ տաքսիստների:
Հիշեցնենք, որ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» կողմից ներկայացվել է տաքսի ծառայության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է տաքսիների դեղին համարնիշները փոխարինել ինքնակպչուն կտրոններով, ինչպես նաև վերացնել բուժզննման և տեխզննման գործառույթները: Այս առաջարկությունները տաքսու վարորդների շրջանում առաջացրել էին դժգոհություններ ու թեև կառավարությունը որոշումն արդեն ընդունել է՝ այդուհանդերձ բողոքի ալիքը չի նվազում:
«Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանը, ում գլխավորությամբ էլ տեղի են ունենում տաքսիստների բողոքի ակցիաները, դիմելով պատգամավորներին` նշեց, որ թեև կառավարությունը որոշումը կայացրել է, սակայն քանի դեռ մի շարք օրենքներում փոփոխություններ չեն արվել, այն ուժի մեջ չի կարող մտնել և այդ իսկ պատճառով գուցե դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել:
«Սա ներկայացվում է իբրև լավություն վարորդների համար, քանի որ դեղին պետհամարանիշներն արժեն 17 հազար դրամ, բայց սա էլ ավելի շատ նոր տաքսու վարորդներին է վերաբերում: Անհանգստությունն էլ նրանում է, թե ինչո՞ւ ժամանակին ներմուծվեց դեղին համարանիշ հասկացությունը, միակ այն նպատակով, որ տաքսիները տարբերակվեն անօրինականներից, ճի՞շտ է: Մենք այն ժամանակ դեմ էինք, սակայն մեզ համոզեցին… ու հիմա, եթե այս 5-6 տարիների ընթացքում չկարողացան դաշտը կարգավորել, մենք ի՞նչ հույս ունենանք, որ սրանով կօրինականացվի: Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու, որ այդ ինքնակպչունով կանեն»,- տաքսիստների անունից դիմելով ԲՀԿ-ական Վ. Օսկանյանին` խնդրի էությունը ներկայացրեց Գ.Դոստուրյանը:
Ի պատասխան Վ. Օսկանյանն էլ ասաց, թե այս հարցը դիտվում է այնպես, թե տաքսիստներին այս կերպ լավություն է արվում և հետաքրքրվեց` տաքսիների քանակը Երևանը պահանջարկին բավարարում է, թե ավելի՞ն է. «Իմ տպավորությամբ` շատ-շատ է: Եվ ես մտահոգություն ունեմ, որ ցանկացած մարդ, եթե համարանիշի տարբերակում չունենա, կարող է երեկոյան մի երկու ժամ տաքսի քշել, ճի՞շտ է: Այսինքն` ստացվում է, որ տաքսիստները, ովքեր օրինական են այսօր այս դաշտում, տուժելու են օրենքի փոփոխությունից… ես այդպես եմ հասկանում»: Վարորդներն էլ համաձայնեցին` նշելով, թե անգամ նման տեղեկություններ ունեն, որ երեք օրը մեկ հերթափոխով աշխատող փրկարարներն ու ոստիկաններն են իրենց աշխատանքից դուրս տաքսի վարում:
Հավաքված վարորդները բարձրաձայնեցին, որ առհասարակ իրենց դաշտը շատ ու շատ շտկումների կարիք ունի ու միայն այդ մի քանի հազարը տաքսու վարորդների վրայից հանելով չէ, որ պետությունը պետք է հոգա իրենց շահերը: Օրինակ, տաքսիստները չունեն կայանելու տեղեր, որոշ դեպքերում էլ հարկադրված կայանելով այնտեղ, որտեղ ցանկանում է հաճախորդը, ստիպված են լինում հետո տուգանք վճարել, և այլն, և այլն:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայնեց այդ ամենի հետ ու ևս նշեց, որ շտապողականությունն այս հարցում հասկանալի չէ, քանի որ շատ հարցեր դեռ ճշգրտման կարիք ունեն, մասնավորապես` ի՞նչ եկամուտ ունեն տաքսիստները, ի՞նչ կլինի ընդհանուր դաշտի հետ, երբ տարբերակող համարանիշեր այլևս չլինեն և այլն: Նա նշեց նաև, որ օրենքով պարտադրվող տեխզննումն ու բուժզննումը անհրաժեշտ են, սակայն պետք է ճշգրտվի դրա պարբերականությունը: Եվ որ ԲՀԿ խմբակցությունը, երբ հերթը հասնի հարցի քննարկմանը, անպայման այդ ամենը կբարձրաձայնի:
«Խնդիրը երկու հարթության մեջ է, սակայն ամենակարևորն այն է, թե ինչ է նախաձեռնել կառավարությունը, որի դեմ պայքարում է ԲՀԿ-ն` արել ենք հնարավորը և դեռ շարունակելու ենք: Ճիշտ է, կառավարությունը նախնական, կարծես, մերժել է մեր օրենսդրական նախաձեռնությունը, բայց մենք շարունակելու ենք պայքարը: Մենք խոստանում ենք տաքսիների վերաբերյալ բոլոր հարցերը բարձրաձայնել կառավարությունում ու խորհրդարանում` մենք դա կանենք»,- հայտարարեց Վ.Օսկանյանը ու թեման շեղելով դեպի կոնկրետ երևանյան խնդիրներ հետաքրքրվեց, թե ի՞նչ բողոքներ ունեն տաքսիստները համարանիշերից զատ:
«Մի քանի հարց բարձրացրեք, որ, եթե ստացվի այն, ինչ ուզում ենք` վերցնենք քաղաքային իշխանությունը, հասկանալի լինի, թե ձեզ համար Երևան քաղաքում ինչ կարող ենք անել»,- դիմելով ներկաներին ասաց նա: Իսկ խնդիրները բազմազան էին` արագաչափ սարքերից, կայանատեղի չունենալուց մինչև սոցիալական ծանր պայմաններում ապրող հայաստանցիների համար անընդունելի բարձր տուգանքներ: Լսելով այս ամենը` Վ. Օսկանյանն ասաց, որ, ճիշտ է, այդ արագաչափ սարքերի և այլնի հետ կապված որոշում կայացնողը կառավարությունն է, սակայն քաղաքապետը որոշակի գործառույթներ ունի, օրինակ, մերժելու որոշումները և այլն.
«Որովհետև կառավարությունը դրանք կարող է տեղադրել միայն ավագանու թույլտվությամբ: Ես կարծում եմ, որ մենք դա կարող ենք վերանայել և հնարավոր է դրանք սահմանափակել, ավելի կոնկրետացնել ու գումարները փոքր-ինչ իջեցնել, որովհետև այդ գումարները այսօր գնում են անհատ մարդկանց գրպանը, իսկ քաղաքն ու քաղաքացին դրանից զրոյական օգուտ ունի…. մենք դա կանենք»,- հավաստիացրեց Վ. Օսկանյանը: Թեև հավելեց, որ չեն եկել իրենց պարտադրելու, որ ընտրեն ԲՀԿ-ին, այլ եկել են հորդորելու, որ մայիսի 5-ին ընտրություն կատարեն ըստ արված գործերի: