Ա. Վարդանյան. Անում են պարտականությունների 10 %-ը և ներկայանում բարերար
16/04/2013 14:20

Ա. Վարդանյան. Անում են պարտականությունների 10 %-ը և ներկայանում բարերար

«Նախընտրական շրջանի մեկ երրորդն արդեն հետևում է: Մեր հիմնական գործը եղել է նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքները Երևանի բոլոր վարչական շրջաններում ձևավորվել են մեր շտաբները, կիրակի օրն անցանք բոլոր 11 շտաբներով, ամփոփեցինք կատարված աշխատանքները»,- այսօր, անդրադառնալով ՀՅԴ-ի նախընտրական քարոզարշավին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրվում է յուրաքանչյուր վարչական շրջանում 8-12 բակային հանդիպում, ինչպես նաև մեկական մեծ հանդիպում իրականացնել: Իսկ ընդհանուր քարոզարշավն, ըստ բանախոսի, ամենայն հավանականությամբ կեզրափակվի համաքաղաքային մեծ միջոցառմամբ:

Այնուհետև, խոսելով ընտրությունների բնույթի վերաբերյալ, Ա. Վարդանյանը նշեց. «Այս ընտրությունները նույնքան քաղաքական են, որքան կառավարման խնդիրը: Երկրում կա իրավիճակ, կա մթնոլորտ, նախագահական ընտրությունները նոր են ավարտվել և ակնհայտ է, որ մեր բնակչության մի վիթխարի զանգվածը դեմ է գործող կառավարման համակարգին և քաղաքական մենաշնորհին»:

«Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ մենք Տարոն Մարգարյանի ընտրություն չենք անում, մենք անում ենք ընտրություն քաղաքական ուժերի միջև: Այլ հարց է, որ Երևանի ամբողջ տարածքում կարելի է տեսնել պաստառներ, որոնց վրա հսկայական Տարոն Մարգարյան է նկարված և շատ փոքր գրված է հանրապետական կուսակցություն»,- հավելեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը:

«Մեր ուսուցիչներին նորից տուն առ տուն գցած ստիպում են գնալ, քարոզել իրենց աշակերտների ծնողներին` ձայն ապահովել` ենթադրաբար ՀՀԿ-ի օգտին: բոլոր պետական կամ անկախ համարվող կառույցներն այդ գործընթացի մեջ են»,- ասաց նա:

Խոսելով Երևան քաղաքի խնդիրների մասին, բանախսն ասաց. «Մենք ունենք սեյսմակայունության հսկայական խնդիր: Մեր բնակֆորդի 70 տոկոսը 70 տարվա շենքեր են և պարզ չէ, թե ինչ է լինելու: Նայեք Երևանի ձեղնահարկերի վիճակը»:

Նա հավելեց` քաղաքի ղեկավարությունն անում է օրենքով իր վրա դրված պարտականությունների 10 տոկոսը և ներկայանում է իբրև մեծագործներ ու բարերարներ. «Դա ձեր գործն է, որը մինչև հիմա վատ եք արել»:

Ա. Վարդանյան. Անում են պարտականությունների 10 %-ը և ներկայանում բարերար