«Ոստիկանության գործունեության հանդեպ պահանջների նշաձողը չափազանց բարձր է»
16/04/2013 15:39

«Ոստիկանության գործունեության հանդեպ պահանջների նշաձողը չափազանց բարձր է»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ.

Արցախի նախագահի ուղերձում ասված է.

«Ոստիկանության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ, տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու անցած ուղին, անդրադառնալու կատարված աշխատանքներին ու հետագա անելիքներին:

Արցախի Ոստիկանությունն իր ստեղծման օրից արդյունավետորեն իրականացնում է օրինականության, հասարակական կարգ ու կանոնի, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության պարտականությունները: Նրա առջև դրված խնդիրները կրկնակի պատասխանատու են ու կարևոր, քանի որ մեր նպատակն է կառուցել ժողովրդավարական պետություն, որտեղ կտիրի օրենքի գերակայություն և յուրաքանչյուր ոք իրեն կզգա անվտանգ ու ապահով: Այդ իսկ պատճառով ոստիկանության գործունեության հանդեպ պահանջների նշաձողը չափազանց բարձր է:

Վստահ եմ, որ դուք այսուհետ էլ կանեք հնարավորը համակարգի առջև դրված խնդիրները պատվով ու հաջողությամբ լուծելու համար: Իսկ պետությունն էլ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման հարցերը:

Հարգարժան ոստիկաններ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր հարազատներին»:
 

«Ոստիկանության գործունեության հանդեպ պահանջների նշաձողը չափազանց բարձր է»