.jpg)
«Վրաստանը փորձում է ավելի չեզոք դիրքորոշում որդեգրել Ղարաբաղի հարցում»
«Վերջին 3 ամսում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստան կատարեցին բազմաթիվ այցեր, ինչը արտակարգ դիվանագիտական ակվիտություն է երկկողմ հարաբերություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին, ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Վրաստանում այժմ վերանայում են վրացական ազգային շահեր հասկացողությունը, որը շատ կետերում համընկնում է Հայաստանի պետական շահերի հետ:
«Վրաստանը փորձում է վերանայել իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև ավելի չեզոք դիրքորոշում որդեգրել ղարաբաղյան հարցում»,- ասաց Գ. Հարությունյանը:
Բանախոսը նշեց, որ արդեն խոսվում է Վրաստանի և Հայաստանի միջև ընդհանուր շուկայի ստեղծման մասին և Հարությունյանը կարևորեց հայ-վրացական ինտեգրման հարցերը տարածաշրջանում:
Նրա խոսքով՝ Վրաստանում վերջին շրջանում միտումներ են նկատվում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչը դեռևս հայտարարվում է վերլուծական, հասարակական կազմակերպությունների մակարդակով:
«Մեր պատկերացումները Վրաստանի մասին սահմանափակվում են Ջավախքով և վրացահայության խնդիրներով: Վրաստանը նույնպես թույլ պատկերացում ունի Հայաստանի մասին և ես կարևորում են ինֆորմացիոն դաշտի ընդլայնումը երկրների միջև, որպեսզի մենք և վրացիները միմյանց ավելի լավ ճանաչենք, ինչը կբխի երկկողմ շահերից»,-ասաց Գ. Հարությունյանը:
Անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ բանախոսը նշեց, որ հունիսին Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ և տեղեկատվություն կա, որ ընդդիմությունը չի բոյկոտելու այս ընտրությունները և մասնակցելու է դրանց:
«Դեռևս հայտնի չեն թեկնածուների անունները, քանի որ առաջադրումները այդ երկրում կսկվեն մայիս ամսին»,-ասաց Գ. Հարությունյանը:
Ըստ նրա՝ Իրանի գործող նախագահն արդեն երկու անգամ վերընտրվել է նախագահի պաշտոնում և այս ընտրություններին Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցելու: