«Բանակը այսուհետ չի դիտարկվում որպես մութ տեղ, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի»
16/04/2013 17:09

«Բանակը այսուհետ չի դիտարկվում որպես մութ տեղ, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի»

Բանակը այսուհետ չի դիտարկվում որպես մութ տեղ, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի և հասարակության մեծ մասին պատկերացումները հիմնվում են բամբասանքների վրա: Անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովում «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով տեղի ունեցած խորհրդարանական լսումներին` Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

«Նման միջոցառումը Հայաստանի համար աննախադեպ էր, նախևառաջ իր անցկացման ձևաչափով և մասնակիցների կազմով: Հանդիպման հրավիրված էին բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` մարդիկ, որոնք, ըստ իրենց, պայքարում են բանակում անարդարությունների դեմ: Լսումների անցման հիմնական գրավականը հասարակություն-բանակ կապի ամրապնդումն է: Պետք է նշել, որ լսումների ընթացքում նույնիսկ զինված ուժերի հանդեպ խիստ բացասական (քննադատաբար) տրամադրված անձինք հաստատեցին ու հաստարակություն-բանակ կապը ամրապնդվում է: Բանակը, որքան էլ փակ համակարգ լինի, այնումանայնիվ գործընթացը գնում է նրան, որ տարեց տարի հասարակությանը ներկայացվում են զինված ուժերի ներսում կատարվող գործընթացները: Ոչնիչ չի թաքցվում: Ներկայումս առկա է բավականին խորը հասարակական վերահսկողության: Այս մասին վկայում են թեկուզ հենց մամուլում տպագրվող որոշակի հրապարակումները: Սա արդեն իսկ բերում է հասարակական վերահսկողության: Բանակը այսուհետև չի դիտարկվում որպես մութ տեղ, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի և հասարակության մեծ մասի պատկերացումները հիմնվում են բամբասանքների վրա: Նմանատիպ միջոցառումները մի նոր մակարդակի են բերում բանակ-հասարակության կապը և ԶՈՒ-ի հանդեպ հասարակության վերահսկողությունը»,- նշեց Հ. Պետրոսյանցը:

Փորձագետը ընդգծեց լրացուցիչ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ առաջ քաշված հարցի նկատմամբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի վերաբերմունքը:

Հ. Պետրոսյանցը հատուկ մատնանշեց այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանն ասել է, որ այն գործառույթներում, որոնք գաղտնի տեղեկություններ չեն պարունակում, Պաշտպանության նախարարությունը պատրաստ է բաց, ազատ և անկաշկանդ համագործակցության: 

«Բանակը այսուհետ չի դիտարկվում որպես մութ տեղ, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի»