.jpg)
Սիրիական իշխանությունները համներման միջոցով մի քանի խնդիր են լուծում
Սիրիական «SANA» լրատվական գործակալության փոխանցմամբ, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն ստորագրել է N23 հրամանագիրը, որով համընդհանուր համաներում է շնորհվում բոլոր այն անձանց, ովքեր հանցաք են գործել մինչև 2013 թվականի ապրիլի 16-ը:
Ըստ հրամանագրի հոդվածների`
-մահապատիժը փոխարինվելու է ցմահ ազատազրկմամբ` խիստ ռեժիմի կալանավայրերում
- խիստ ռեժիմի կալանավայրերում ցմահ ազատազրկումը՝ 20 տարի ազատազրկմամբ
-անբուժելի հիվանդություն ունեցող կալանավորներին ազատ արձակում
-70 տարին բոլորած կալանավորներին ազատ արձակում
Բացի նշվածից`«այն սիրիացիները, ովքեր միացել են ահաբեկչական կազմակերպություններին, կրելու են իրենց պատժի մեկ քառորդը: Համաներումը չի տարածվում նրանց վրա, ովքեր խուսափել են զորակոչից, ովքեր մեղադրվում են զենքի մաքսանենգության և թմրանյութերի հետ կապված հանցաքների մեջ»:
Հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սա ավելի քան երկու տարի Սիրիայում շարունակվող ճգնաժամի ընթացքում համընդհանուր համաներման վերաբերյալ Բաշար Ալ-Ասադի ստորագրած արդեն չորրորդ փաստաթուղթն է:
Համաներմամբ սիրիական իշխանություններն, ըստ էության, լուծում են մի քանի խնդիր: Նախ և առաջ պետք է նշել, որ այն տեղավորվում է Բաշար Ալ-Ասադի ս.թ. հունվարի 6-ին ներկայացրած` երկրում ծագած ճգնաժամի կարգավորման ծրագրի տրամաբանության մեջ: Փաստորեն սրանով սիրիական վարչակարգը ցույց է տալիս, որ հավատարիմ է մնում հիմնախնդրի կարգավորման սեփական նախաձեռնության սկզբունքներին: Միաժամանակ, համաներումն իշխանությունների հետ բանակցելու առաջնային նախապայմաններից էր, որը դրվում էր պաշտոնական Դամասկոսի առջև արտաքին անհաշտ ընդդիմության կողմից: Բացի դրանից մշտապես նման բովանդակությամբ պահանջ է ներառվում նաև սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված տարբեր ծրագրերում: Մյուս կողմից, վերջին շրջանում երկրում տարաբնույթ հանցագործությունների աճի ֆոնին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին զուգահեռ, սիրիական իշխանությունների համար բավականաչափ բարդ խնդիր էր դարձել մեծ թվով կալանավորներին տեղավորելու և պահելու հարցը:
Սակայն այս համաներումը հղի է նաև որոշակի վտանգներով: Բացառված չէ, որ ազատ արձակված անձանց մի ստվար զանգված կարող է համալրել ընդդիմության, հատկապես նրա զինված հատվածի շարքերը. ասվածի ամենավառ օրինակն Ալ-Կաիդայի գաղափարախոս Աբու Մուսաբ Ալ-Սուրին է, ով սիրիական իշխանությունների կողմից ազատ էր արձակվել դեռևս 2011թ. տարեվերջին:
Մյուս կողմից, չի բացառվում, որ ապրիլի 15-ին «Ալ-Իխբարիա Ալ-Սուրիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը եթեր դուրս կգա ապրիլի 17-ին, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հանդես է եկել նոր առաջարկներով, նոր հայտարարություններով, որոնց առաջնային բաղադրիչներից է նաև համաներումը: