Թուրքիայի հակաասադական քաղաքականությունը միտված է թուլացնելու Իրանը
16/04/2013 20:42

Թուրքիայի հակաասադական քաղաքականությունը միտված է թուլացնելու Իրանը

Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր Թուրքիան հանդես եկավ հակաասադական դիրքերից և ակտիվ դերակատարում ունեցավ Սիրիայի ընդդիմության և հակակառավարական ուժերին ցուցաբերած աջակցության տեսանկյունից:

Թուրքիան իր տարածքն է տրամադրել Սիրիայի օրինական ընտրված իշխանություններին զուգահեռ իշխանությունների ձևավորման, ընդդիմադիր խմբավորումներին միավորիչ համագումարները իր տարածքում անցկացնելու համար:

Անկարայի հակաասադական քաղաքականությունը համահունչ է ԱՄՆ-ի և Արևմտյան այլ ուժային կենտրոնների`Մերձավոր Արևեքի կարևորագույն այդ երկրի դեմ ուղղված ռազմավարությանը և քաղաքականությանը:

Հակաասադասական միասնական կոալիցիայի  դիրքորոշումը կայանում է ալևիների իշխանության`նախագահ Բաշար Ասադի տապալման և սիրիական ընդդիմադիր ուժերի օգնությամբ նոր կառավարության ձևավորման մեջ`արևմտամետ ուղղվածությամբ:

Թուրք-ամերիկյան հակաասադական քաղաքականությունը իր աջակցությունն է գտնում նաև արաբական մի շարք երկրների` առաջին հերթին Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում հակակառավարական ուժերին և այդ երկիր են գործուղում տարբեր վարձկանների:

Թուրքիան Ասադին տապալելու և Սիրիայում նոր կարգեր հաստատելու իր քաղաքականության մեջ գնացել է բավականին հեռու` Անկարան իր տարածքն է տրամադրում հակաասադական ուժերի ճամբարների ձևավորման, թուրքական տարածքով Սիրիա զենքերի և զինամթերքի տեղափոխության համար, ինչպես նաև դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ընդդիմադիր ուժերին:

Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը վերջնականապես խզել է կապերը և իր քաղաքականությամբ ցույց է տալիս, որ այլևս չի աշխատելու Բաշար Ասադի կառավարության հետ, ինչը արտահայտվում է այդ երկրի ղեկավարության` Ասադի դեմ ուղղված բազմաթիվ հայտարարությունների, այդ թվում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`Ասադին քաղաքական դիակ անվանելու մեջ:

Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադիր ուժերից ոմանք հանդես են գալիս հակաքրիստոնեական, հակաալևիական հայտարարություններով, ինչը ազդում է Սիրիայում ապրող ազգային փոքրամասնությունների Սիրիայի տարածքը լքելու տրամադրվածության վրա` ֆիզիկական անվտանգության բացակայության ֆոնի համատեքստում:

Սիրիայում հակամարտությունը ազդել է նաև տեղի հայ համայնքի վրա, որը պատերազմական գործողությունների հետևանքով ստիպված է եղել դառնալու փախստական`լքելով Սիրիայի հայաշատ քաղաքները և ուղղություն վերցնելով դեպի Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաև Հայաստան:

Թուրքական շահերից է բխում սիրիահայ համայնքի թուլացումը կամ Սիրիայի հայաթափումը, քանի որ Անկարան լավ հասկանում է, որ այդ համայնքը ձևավորվել է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով և Մերձավոր Արևելքում հայկական գործոնի թուլացումը և հայերի արտագաղթը այդ տարածաշրջանից կհեշտացնի նոր օսմանական քաղաքականության`նեոօսմանիզմի իրականացումը, ինչին զսպող հանգամանք է հայկական գաղութների գոյությունը Մերձավոր Արևելքում:

Նեոօսմական քաղաքականությունը որդեգրվել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից:

Անկարայի կողմից Սիրիայի դիրքերի թուլացումը կնշանակի նաև Իրանի դիրքերի թուլացում`Մերձավոր Արևելքում, քանի որ Դամասկոսը համարվում է Թեհրանի ռազմաքաղաքական դաշնակիցը այդ տարածաշրջանում:

Իրանամետ Սիրիան ապահովում է Թեհրանի ազդեցությունը և կապը Համաս շարժման և Լիբանանում տեղակայված Հեզբոլահ շիական կազմակերպության հետ, որոնք Իրանի կողմից օգտագործվում են Իսրայելի վրա ազդելու համար, իսկ իրանամետ Սիրիայի թուլացումը կթուլացնի Իրանի արևմտյան ճակատը և կխորացնի այդ երկրի մեկուսացումը, քանի որ Թեհրանը այս պահին Մերձավոր Արևելքում չունի ռազմավարական այլ դաշնակիցներ:

Հակաիրանական և հակասիրական կոալիցիայի կառուցման ռազմավարության մեջ է տեղավորվում նաև թուրք-իսրայելական վերջին հաշտեցումը, որը իրականացվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մերձավոր Արևելքի երկրներում շրջագայության շրջանակներում`Վաշինգտոնը հակաասադական միասնական ճակատ ստեղծելու համար հաշտեցնում է տարածաշրջանում իր 2 կարևորագույն դաշնակիցներին`Անկարային և Թել Ավիվին:

Այսպիսով, Սիրիայի թուլացումը և որպես տարածաշրջանային գործոնի թուլացումը բխում է թուրք-ամերիկյան, թուրք-իսրայելական`հաշվի առնելով Իսրայելի հակամարտությունը Սիրիայի հետ Հոլանյան բարձրունքների պատճառով, ինչպես նաև Արևմտյան ուժային կենտրոնների շահերից:

Սիրիայի թուլացումը չի բխում Իրանի շահերից, Մերձավոր Արևելքում Թեհրանի ռազմավարական շահերի տրամաբանությունից, բացի այդ, Սիրիայի թուլացումը և կազմաքանդումը չի բխում նաև Հայաստանի շահերից, քանի որ այդ երկրում է գտնվում հայկական հնագույն և ուժեղ համայքներից մեկը, որը կապող օղակ է հանդիսանում Հայաստանի և արաբական աշխարհի միջև:

Հայկական գործոնի թուլացումը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում կարող է հանգեցնել Հայաստանի և արաբական երկրների հարաբերությունների վրա, քանի որ տեղի հայ համայնքները կամուրջների դեր են իրականացնում և լոբբիի գործառույթներ են իրականացրել արաբական երկրներում և ձևավորել են Հայաստանի դրական իմիջը այդ երկրներում:

Թուրքիայի հակաասադական քաղաքականությունը միտված է թուլացնելու Իրանը