Ա. Մարտիրոսյան. Ամենակարևոր խնդիրը քաղաքացու ազատության խնդիրն է
17/04/2013 20:07

Ա. Մարտիրոսյան. Ամենակարևոր խնդիրը քաղաքացու ազատության խնդիրն է

«Ակնկալում ենք, որ ինչպես փետրվարի 18-ին Հայաստանի քաղաքացին իր իրավատիրոջ ձայնը բարձրացրեց, այնպես էլ մայիսի 5-ին, անկախ ճնշումներից, ընտրակաշառքի առաջարկից, ևս մեկ անգամ կվերահաստատի իր՝ իրավատիրոջ կարգավիճակը և  կունենանք մեծամասնությամբ ընտրված ավագանի, որը բաղկացած կլինի «Բարև Երևան» դաշինքի անդամներից»,- նախքան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումը, լրագրողների հետ զրույցում  ասաց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի առաջին համարը զբաղեցնող Արմեն Մարտիորսյանը:

Այդ ավագանին, նրա խոսքով, Երևանում կսկսի նոր որակի կառավարման համակարգի կառուցումը, որի նպատակը կլինի ոչ թե նեղ անձնային խմբի, կուսակցական խմբի գերշահույթ ապահովող բիզնեսների առկայությունը, այլ` կսպասարկի բացառապես քաղաքացուն, կփորձի քաղաքացիների համար նորմալ կենսապայմաններ ապահովել: Նա թվարկեց Երևանի և երևանցիների խնդիրները` փողոցների մաքրությունից՝ մինչև վերելակներ, տանիքներ, միջանցքներ, աղբահանություն, սակայն ամենակարևորը խնդիրը, ըստ Ա. Մարտիրոսյանի, «քաղաքացու ազատության հետ կապված խնդիրն է»:

Պատասխանելով հարցին, թե, ի տարբերության նախագահական ընտրությունների, Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունն ավելի շատ է ներկայացված, արդյոք  դա չի  վնասի «Բարև Երևան» դաշինքին, Ա. Մարտիրոսյանը չահամաձայնեց` նշելով, թե  քաղաքագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ցանկացած պարագայում յուրաքանչյուր ընտրությունում որքան քաղաքացիները վստահություն են տալիս քաղաքական ուժին, գործչին, հենց այդքանն էլ  քաղաքական ուժինն է և ոչ թե մեկ այլ քաղաքական ուժինը. «Հակառակ դեպքում պետք է 90-ականներ գնալ ու մտածել, թե քաղաքացիները ում են վստահում` Վազգեն Մանուկյանի՞ն, թե՞ այլ քաղաքական ուժի: Դա հիմնավոր չէ»:

Ա. Մարտիրոսյանը վստահեցրեց, որ իրենց բացարձակապես չի մտահոգում ընդդիմադիր կամ փսևդոընդդիմադիր ուժերի առկայությունը. «Ողջունում ենք ցանկացած ընդդիմադիր ուժի մասնակցությունը, պայքարը: Ցանկացած պարագայում իրենք մեզ համար մրցակից չեն: Մեզ համար մրցակից եղել և մնում է իշխանությունը: Ուստի մենք պայքարելու են հաղթանակ ապահովել՝ ի հաշիվ իշխանության»:

Խոսելով ընտրություններից հետո ընդդիմության հնարավոր միավորման մասին` Ա. Մարտիրոսյանը նախ նշեց, թե պետք է հստակեցնել, թե ո՞րն է ընդդիմությունը, այն «որ իշխանության դեմ է պայքարո՞ւմ, թե՞  ընդդիմության»:

Այնուամենայնիվ, Ա. Մարտիրոսյանը չբացառեց համագործակցությանը` նշելով, որ «Ժառանգոթյունը» երբեք անունների հետ կապված խնդիր չի ունեցել, այլ`  խնդիրն այն է, թե ինչպիսի հարցեր են քննարկվում և ինչպիսի եղանակններ են առաջարկվում: 

Ա. Մարտիրոսյան. Ամենակարևոր խնդիրը քաղաքացու ազատության խնդիրն է