.jpg)
Ո՞վ է իրականացրել բոստոնյան պայթյունը
Որո՞նք են Բոստոնի մարաթոնի պայթյունների դրդապատճառները: Նման հարցադրմամբ է հանդես եկել «The Christian Science Monitor» պարբերականը:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հակիրճ հայտարարության մեջ գրեթե մանրամասնություն չկար միջադեպի կապակցությամբ տարվող հետաքննության մասին։ Սակայն նրա ելույթում 3 թեմաներ ակնհայտ են` Բոստոնը ամուր քաղաք է և կկարողանա հաղթահարել այս ողբերգությունը, արյունալի հարձակման կազմակերպիչների վերաբերյալ ոչ ոք չպետք է շտապի եզրակացություններ անի, ով էլ որ լինի, նրան կգտնեն և պատասխանատվության կենթարկեն։
Ահաբեկչության գծով մասնագետներն ընդգծում են, որ այս միջադեպը, որի հետևանքով 3 մարդ է զոհվել և ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել, կարող էր իրականացնել «միայնակ գայլը» կամ էլ հատուկ այս նպատակով ստեղծված ժամանակավոր խմբավորում։ Միևնույն ժամանակ նրանք նշում են, որ դեռ շուտ է բացառել «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող մարդկանց մասնակցությունն այս ահաբեկչությանը։
Բոստոնի մարաթոնի սիմվոլիզմն ու հայտնիությունը խոսում են այն մասին, որ պայթյունների հետ կարող է կապ ունենալ «Ալ-Կաիդան»։
«Ահաբեկչության օրը՝ ապրիլի 15-ը, երբ ավարտվում է դաշնային հարկերի հավաքագրման օրը, իսկ Մասաչուսեթսում նշվում է Հայրենասերի օրը, վկայում են այն մասին, որ ահաբեկչությունը կարող է ինչ-որ բանից դժգոհ ահաբեկչի կամ ամերիկյան հակակառավարական կազմակերպության ձեռքի գործ լինել»,- նշում է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի՝ ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Խուան Զարատեն։
Անդրադառնալով 2011թ. Նորվեգիայում՝ ամառային երիտասարդական ճամբարում, Անդերս Բրեյվիկի կողմից իրականացված ողբերգական ահաբեկչությանը, մասնագետները ընդգծում են, որ նման մասշտաբի հարձակումը միանգամայն կարող է իրականացնել միայնակ մարդը։ Փորձագետները շեշտում են, որ այդ ժամանակ ևս ենթադրություններ էին արվում, որ ահաբեկչությունների հետևում կանգնած են միջազգային ահաբեկչական խմբավորումները, ինչը, սակայն, սխալ դուրս եկավ»,-գրում է պարբերականը: