ՀԱԿ-ը զգուշացնում է` իրենց անունից կեղծ հայտարարություն է տարածվել
17/04/2013 20:35

ՀԱԿ-ը զգուշացնում է` իրենց անունից կեղծ հայտարարություն է տարածվել

Հայ Ազգային Կոնգրեսի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ էլ-փոստի անհայտ հասցեից լրատվամիջոցներին ուղարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի անունից հայտարարություն, որը Հայ Ազգային Կոնգրեսի հետ որևէ կապ չունի:

ՀԱԿ լրատվական ծառայությունից հայտնում են.

1. Զուտ իրավական առումով Հայաստանում «Հայ Ազգային Կոնգրես» անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը և ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքը և նրա խմբակցությունը:

2. Որևէ այլ քաղաքական կազմակերպություն իրավունք չունի հանդես գալ գրանցված կուսակցության անունով: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացմամբ` Արդարադատության նախարարության կողմից նաև գրանցված է պաշտոնական խորհրդանիշ /լոգոտիպ/, որի օգտագործման համար նույնպես կուսակցությունն ունի բացառիկ իրավունքներ:

3. «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքի կողմից որոշումներ կամ հայտարարություններ կարող են ընդունվել միայն այդ ընտրական դաշինքի բոլոր ութ կուսակցությունների մասնակցությամբ և համաձայնությամբ (երկու այլ կուսակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված դիմումների համաձայն պաշտոնապես դուրս է եկել դաշինքից):

4. «Հայ Ազգային Կոնգրես» ԱԺ խմբակցության որոշումներ և հայտարարություններ կարող են ընդունվել միայն խմբակցության, նրա ղեկավարի և քարտուղարի կողմից` կանոնադրությամբ հաստատված կարգի և լիազորությունների հիման վրա:

5. Հայ Ազգային Կոնգրեսի անունից որևէ այլ հայտարարություն ինքնակոչ գործիչների և կազմակերպությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է:

ՀԱԿ-ը զգուշացնում է` իրենց անունից կեղծ հայտարարություն է տարածվել