.jpg)
Գյուղնախարարությունը համոզված է, որ ցրտահարությունը էական վնասեր չի հասցրել
Այսօր Հայաստանի ողջ տարածքում կդիտվի ամպամած, խիստ անբարենպաստ և ցուրտ եղանակ, հատկապես գիշերային ժամերին սպասվում են առատ տեղումներ, տեղատարափ, հնարավոր է՝ նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով, նվազման հետևանքով լեռներում, նախալեռներում և առանձին հովտային շրջաններում ձյուն է սպասվում:
Լույս 17-ի գիշերը հանրապետության որոշ շրջաններում ձյան տեսքով տեղումներ են գրանցվել` մասնավորապես Լոռում, Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում. սպասվում է մինուս երեք աստիճան:
Վերոնշյալ տարածաշրջաններում այգիների իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար Aysor.am-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանին: Փոխնախարարը հաղորդեց, որ նախորդ օրը եղել է Լոռու և Տավուշի մարզերում, գյուղացիներին ցրտից պաշտպանվելու խորհուրդներ են տվել, ավելի ստույգ` ծխահարել այգիները, ոռոգման ջուր լինելու պարագայում` այգիները ջրել, որը ևս կնվազեցնի ցրտահարության ազդեցությունը:
Ըստ նրա՝ Լոռու և Տավուշի մարզերում պտղակալման շրջանում գտնվող ծառատեսակները ավելի քիչ են ենթակա վնասների, քան ծաղկած ծառատեսակները. Կեռասենին, խնձորենին, տանձենին և այլն:
Փոխնախարարը նաև շեշտեց, որ ձյան ծածկույթ այդ տարածաշրջաններում չի պահպանվել. Նոյեմբերյանում զրոյից ցածր ջերմաստիճան չի գրանցվել, իսկ Թումանյանի տարածաշրջանում գրանցվել է մինուս մեկ աստիճան: Որոշ վնասներ կարող են գրացնվել Սպիտակում, որը չի համարվում պտղաբուծական շրջան, սակայն այգիներում զբաղվում են այգեգործությամբ: Գորիսում մինուս երկու է գրանցվել, որտեղ կորիզավորներ ծառատեսակները ծաղկման փուլում են:
Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ բարեբախտաբար պտղաբուծական նշանակություն ունեցող Արարատյան հարթավայրում և միջին լեռնային շրջաններում` Աշտարակ, Եղվարդ, դրական ջերմաստիճաններ են գրանցվել և ըստ կանխատեսումների այդ տարածշրջաններում առաջիկայում ևս բացասական ջերմաստիճաններ չեն գրանցվելու. ապրիլի 21-ից ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա:
Շիարկի մարզում լույս 17-ի գիշերը բացասական ջերամստիճան է գրանցվել և առաջիկայում սպասվում է մինուս վեց աստիճան, Գ. Պետրոսյանի փոխանցմամբ, Շիրակում հիմնականում մշակում են հացահատիկային կուլտուրաներ և բացասական ջերմաստիճանը չի ազդի ոչ աշնանացան ցորենի, և ոչ գարնանացան գարու ցանքատարածությունների վրա:
«Ընդհանուր առմամբ, էական վնասներ չի հասել»,- համոզված է Գառնիկ Պետրոսյանը` ներկայացնելով նախնական դիտարկումները:
Ոռոգման սեզոնը սկսվե՞լ է Լոռու և Տավուշի մարզերում հարցով Aysor.am-ը դիմեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանին, վերջինս պատասխանեց, որ այդ մարզերում ոռոգումը սկսում է մայիսի կեսերից, քանի որ բարձրադիր և խոնավ գոտիներ են:
Իսկ այն, որ ոռոգելով հնարավոր է այգիները պահպանել ցրտահարությունից մոտեցումը` հարուցեց Կարեն Դաղբաշյանի զարմանքը. «Առաջին անգամ եմ լսում»: