.jpg)
Իր ոտքով հիվանդանոց գնացած 27-ամյա երիտասարդին մահացած են տուն բերել
27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ց. Մկրտչյանի ներկայացուցիչ Ինեսսա Պողոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երիտասարդի մահվան պատճառը բժշկական սխալն է եղել:
«Ապրիլի 2-ին Ց. Մկրտչյանը որովայնի շրջանում ցավեր է ունեցել և դիմել է Մասիսի բժշկական կենտրոն: Բժիշկներին ասել էին, որ նա դեղորայքային ալերգիա ունի և որևէ դեղ չի կարող ընդունել:
Հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանը, առանց որևէ հետազոտություն անցկացնելու, միայն ձեռքով որովայնը շոշափել էր ու հայտնել, որ ցավերը կարող են լինել սնունդից, և ուղարկել էր տուն՝ ասելով, որ ամեն ինչ կհարթվի»,- պատմեց Ի. Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այդ օրը գիշերը Ց. Մկրտչյանի կինը 03.00-ի սահմաններում արթնանում է ու տեսնում, որ Ցոլակը համակարգչի մոտ է նստած: «Ցոլակը կնոջը ասում է, որ ցավերը ուժգնացել են, և քանի որ այդ օրվա հերթապահը իր բժիշկն է, ինքը արագ կգնա նրա մոտ հետազոտության: Կինը ընթացքում զանգահարում է նրա բջջային հեռախոսին, սակայն Ցոլակը առաջինը անջատում է երևի ու դրանից հետո չի պատասխանում: Կինը զանգում է ամուսնու եղբորը, ով էլ գնում է հիվանդանոց ու տեսնում, որ Ցոլակի մարմինը կապտել, ուռել է: Գ. Գևորգյանը այդպես էլ գրել էր, որ մահվան պատճառը անաֆիլակտիկ շոկն է, ըստ մահվան վկայականի՝ մահվան պատճառը սրտի պսակաձև անոթի արյան շրջանառության խանգարումն է: Նրան հիվանդանոցում բարալգետասի ներերակային ներարկում է արվել, թեև նա ուներ դեղորայքային ալերգիա»,- ասաց Պողոսյանը:
Ի. Պողոսյանը նշեց, որ մահացած երիտասարդի հարազատները մտավախություն ունեն, որ տվյալները կարող են կեղծվել և բժիշկները կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից: