Ալեքսանդր Իսկանդարյան. ԲՀԿ չառաջադրվելը մեծ հարված էր ՀԱԿ-ին
17/04/2013 16:45

Ալեքսանդր Իսկանդարյան. ԲՀԿ չառաջադրվելը մեծ հարված էր ՀԱԿ-ին

ՀԱԿ-ը հանրապետականներին տապալել չի կարող մոտակա ժամանակաշրջանում, իսկ կուսակցությամբ աշխատել մեդիայի հետ, խմբավորել մարդկանց իր շուրջ, խորհրդարանում աշխատել կարող է, ուստի ճիշտ էր կուսակցություն ձևավորելը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Իսկանդարյանը նշեց, որ ՀԱԿ դաշինքի ստեղծումով փորձ արվեց միավորել ընդդիմության մեծ հատվածը, ինչը իշխանությունների դեմ, պայքարի փորձված եղանակ է աշխարհում.

«Տապալել իշխանությունը չհաջողվեց, քանի որ այսօր Հայաստանում իրականությունն այլ է: Հետևաբար պայքարն էլ այլ կերպ էր պետք տանել: ՀԱԿ վերանվանումը քաղաքական գործելակերպի այլ տեսակ է»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետն անդրադարձավ նաև ՀԱԿ հիմնադիր համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին.
«Տեր-Պետրոսյանը խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, փաստորեն իրական մրցակցությունն այսօր հենց այդ դաշտում է: Նա նախ ասաց, որ Հովհաննիսյանին քննադատել պետք չէ, ապա` քննադատեց: Կարծում եմ, որ սա ճիշտ է քաղաքականության զարգացման համար»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ապա, ըստ քաղաքագետի, եթե Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում առաջադրեր իր թեկնածությունն, ապա չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանը միանար նրան.

«Բայց այն, որ Ծառուկյանը որոշեց դեկտեմբերին չմասնակցել, լուրջ հարված էր ՀԱԿ-ի համար: Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն ազդանշան է տալիս Ծառուկյանին, որ կարելի է վերակենդանացնել նախկինում ունեցած համագործակցության կառուցվածքը և օգտագործել այն ապագայում»,- ասաց քաղաքագետը:
 

Ալեքսանդր Իսկանդարյան. ԲՀԿ չառաջադրվելը մեծ հարված էր ՀԱԿ-ին