ԲՀԿ-ն հանդիպեց կոնդեցիներին. Իսկապես հասկացել ենք, որ չկա անլուծելի խնդիր
17/04/2013 20:47

ԲՀԿ-ն հանդիպեց կոնդեցիներին. Իսկապես հասկացել ենք, որ չկա անլուծելի խնդիր

Իրենց տներից զրկված Կոնդի բնակիչների նախաձեռնությամբ՝ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմը հանդիպեց բնակիչներին` լսելու նրանց բողոքն ու բարձրաձայնվող խնդիրները:

Հիշեցնենք, տարիներ առաջ` քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք նրանց տները քանդվել են դրանց տեղում կառուցվող շենքում բնակարան տալու պայմանով, սակայն մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել: 

Բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ Արաբկիրում վարձով է ապրում և շատ վիրավորական է, որ 5 տարի է՝ մի կերպ են գոյատևում, որովհետև «իրենց տված կրճոնների վրա գումար են ավելացնում, որ գոյատևեն».

«Մենք հիմա որ գնանք ուրիշ տեղ ապրենք, մեզ էլ վարձով չեն տա, էտ հին վարձատերերի արդեն համբերությունը հատել ա` ամիսներով վարձ չենք տալիս… հերիք չի մեզ մեր սեփական տներից խաբեցին-հանեցին, իբր երկու տարով, մինչև շենքը լինի… քաղաքապետին մոտեցել եմ հարցնում եմ ` ի՞նչ է լինելու Կոնդի վիճակը` պատասխանում ա` «Մենք մտածում ենք»: Ուրեմն` հինգ տարի փողոցում է ապրում ժողովուրդը, ինքը դեռ նոր ա մտածում… երկու հատ կակաչ ցանելով, մի քանի հատ էլ նստարան դնելով, դրանով քաղաքի և ժողովրդի հարցը չի լուծվում»,- հայտարարեց կինը` ինչին միացան հավաքվածները իրենց` «Մենք ծաղիկներ չենք ուզում» և «Մենք չենք ուզում Հայաստանի հայաթափությունը»:

ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը  հայտարարեց, որ երբ տեղեկացան, որ կոնդեցիները ցանկություն են հայտնել հանդիպել ԲՀԿ-ի հետ, կուսակցությունում խնդրին նվիրված քննարկումներ են եղել, որպեսզի իրենք էլ հասկանան` տեսնո՞ւմ են արդյոք լուծումներ, որ չստացվի, թե դիմացն ընտրություն է, եկել են խոստումներ են շռայլում.

«Այո, շատ ճիշտ եք, ի՞նչ է նշանակում՝ մտածում ենք, քանի՞ տարի պետք է մտածեն: Մենք իսկապես հասկացել ենք, որ չկա անլուծելի խնդիր, որ այս խնդիրը ևս լուծելի է և ընդամենը հարկավոր է ճիշտ կազմակերպել քայլերի հաջորդականությունն ու ունենալ ցանկություն, կամք և կարողանալ ճիշտ տարանջատել կարևորը անկարևորից»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորը հիշեց, որ իր բարեկամուհին էլ ապրել է Կոնդում, հիմա վարձով է բնակվում և խնդրին մոտիկից է ծանոթ` «կարիճանոց, խայտառակ պայմաններ... Կոնդը քաղաքային իշխանության համար պետք է ճանաչվեր գերակա շահ»:

«Գերակա շահը ձեզ բնակարանով ապահովելն է»,- հավելեց նա:

Ներկա կանանցից մեկը հիշեցրեց, որ ժամանակին իրենց բոլորին` թվով 106 ընտանիքի, տրվել է սեփականաշնորհման պայմանագիր և շատ արագ այդ գործընթացը կատարվել է, թե իբրև իրացնում են տարածքը: Բայց ժամանակը ցույց տվեց, որ բնակիչների մասին որևէ մեկը չէր պատրաստվում մտածել, փոխարենը ինչ-ինչ անձինքն միլիոններ վաստակեցին ուրիշի ճակատագրերի վրա, ովքեր այսօր վարձով «յոլլա են գնում ու չգիտեն ի՞նչ է լինելու վաղը` անտուն, անտեղ, պետությունից անտեսված»:

Ն.Զոհրաբյանը հետաքրքրվեց` ինչպե՞ս են տեսնում հենց կոնդեցիները խնդրի լուծումը: Լսվեց` ներդրող է պետք, որ գործընթացը շարունակի, պետությունը պետք է տեր կանգնի ու գոնե մինչև հարցի լուծումը ֆինանսավորի բնակիչներին, որոնք ամեն ամիս գրեթե գնում բողոքում են ՀՀ նախագահին, ով կարգադրում է` վարձով բնակվելու գումար վճարել` ամեն ընտանիքին 60 հազար դրամ:

Լսելով բողոքները՝ Վ.Օսկանյանը հայտարարեց, որ իսկապես կարևոր չի կընտրվեն, թե չեն ընտրվի, այս հարցը ցավոտ հարց է և այն անպայման կբարձրաձայնվի բոլոր ատյաններում.

«Բայց ես կարող եմ հետևյալն ասել` եթե քաղաքային իշխանությունը մենք ունեցանք, ես խոստանում եմ, որ գալու ենք ձեզ հետ հանդիպելու և մեր լծակներով քննարկելու ենք: Նաև ասում եմ հետևյալը` ձեր խնդիրը հնարավոր է լուծել, ավելին` սա քաղաքի կենտրոնն է, այնպիսի արժեք կարելի է ստեղծել Կոնդում, որ Հյուսիսային պողոտայից էլ լավ տեղ լինի…Հավատացնում եմ` ամեն ինչ հնարավոր է լուծել, և մենք դա կանենք»,- ընդգծեց նա:

Ն.Զոհրաբյանն էլ ավելացրեց, որ հանկարծ չմտածեն, որ եկել են, քանի որ առջևում ընտրություններ են`«սա իսկապես այնպիսի խնդիր է, որ որպես ԱԺ պատգամավորներ, պարտավոր ենք այն բարձրացնել ու փորձել գտնել լուծումը». «Կրկնում եմ` մենք այստեղ չէինք գա, եթե քննարկում չանեինք ու չհասկանայինք, որ լուծում կա ու խնդիրը լուծելի է»: 

ԲՀԿ-ն հանդիպեց կոնդեցիներին. Իսկապես հասկացել ենք, որ չկա անլուծելի խնդիր