Բացվել է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 80-ամյակին նվիրված ցուցադրություն
17/04/2013 19:25

Բացվել է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 80-ամյակին նվիրված ցուցադրություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ Ազգային գրադարանի համագործակցությամբ այսօր բացվեց ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին: Այս մասին հայտնում են Ազգային գրադարանից:

Բացման հանդիսավոր խոսքով ելույթ են ունեցել ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: ՀՑԹԻ տնօրենը Ազգային գրադարանին հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կողմից այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկած «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալի մեկ օրինակ:

«Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը, որը նկարագրում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի արդյունքում և ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան չորս հազար մարդ, իրավամբ համարվում է կոթողային մի ստեղծագործություն, որի բովանդակությունը մեկ գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը:

Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում:

Ցուցադրությունը բաց կլինի երեք օր:
 

Բացվել է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 80-ամյակին նվիրված ցուցադրություն