Քաղաքապետի խոսնակ. Նպատակահարմար չենք գտնում բանավեճի գնալ մրցակիցների հետ
17/04/2013 16:28

Քաղաքապետի խոսնակ. Նպատակահարմար չենք գտնում բանավեճի գնալ մրցակիցների հետ

ՀՀԿ-ն և Ավագանու ընտրություններում ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Տարոն Մարգարյանն իր բոլոր մրցակիցների նկատմամբ հարգանք ունի: Aysor.am-ի հետ զրույցում, արձագանքելով ՀՅԴ-ի կողմից Տարոն Մարգարյանին ուղղված հեռուստաբանավեճի առաջարկին, այս մասին ասաց գործող քաղաքապետ Տ. Մարգարյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:

Ինչ վերաբերում է բանավեճի առաջարկներին, ապա Սարդարյանը նկատեց, թե դրանք ընդունում են, սակայն որևէ մեկին չեն ցանկանում առանձնացնել:

«Մենք նպատակահարմար չենք գտնում առանձնացնել մրցակիցների շարքում որևէ մեկին և նրա հետ բանավեճի գնալ»,- ասաց Տ. Մարգարյանի մամուլի խոսնակը:

Հարցին, եթե առաջարկվի բանավեճ կազմակերպել կուսակցությունների ցուցակը գլխավորողների միջև, ինչպե՞ս կարձագանքեն, Շ. Սարդարյանը նկատեց, թե նման առաջարկ դեռ չի եղել, իսկ, այնուամենայնիվ, եթե նման ձևաչափով առաջարկ լինի, ապա անպայման կդիտարկեն:

Հիշեցնենք, որ Ավագանու ընտրություններում որոշ քաղաքական ուժերի թեկնածուներ` Վահագն Խաչատրյանը (ՀԱԿ), Աղվան Վարդանյանը (ՀՅԴ), Տարոն Մարգարյանին առաջարկել և հորդորել էին հեռուստաբանավեճի մասնակցել կամ հեռուստաելույթ ունենալ:

Քաղաքապետի խոսնակ. Նպատակահարմար չենք գտնում բանավեճի գնալ մրցակիցների հետ