.jpg)
Թուրքիան մտադիր է ստեղծել «օդային ոստիկանություն»
Թուրքիայում մոտ ժամանակներս կարող է հայտնվել «օդային ոստիկանություն», որի աշխատակիցներն ապահովելու են քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունը և թույլ չեն տալու ինքնաթիռ բարձրանալ կասկածելի ուղևորներին: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով NTV հեռուստաալիքին:
Նոր օրինագծի պատրաստումը պայմանավորված է նրանով, որ Թուրքիայում քիչ չեն մարդատար ինքնաթիռներ առևանգելու փորձերը, բացի այդ, գրեթե ամեն օր ոստիկանությունը ահազանգ է ստանում ինքնաթիռներում պայթուցիկ սարքերի առկայության մասին, որոնք, հիմնականում, կեղծ են լինում:
Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը մշակել է քաղավիացիայի մասին օրենքի նախագիծ, որն ուղղված է օդային տրանսպորտի անվտանգության բարձրացմանը և գործող նորմատիվ ակտերում փոփոխություններ մտցնելուն: Փաստաթուղթը նախատեսում է ոստիկանության ներկայացուցիչներից կամ մասնավոր թիկնազորային ընկերությունների անդամներից ստեղծել անվտանգության հատուկ ստորաբաժանումներ, որոնք հնարավորություն կունենան ինքնաթիռում զենքով գտնվել: «Օդային սպառնալիքների վերացման» հետ կապված հանձնարարությունները կատարելիս՝ անհրաժեշտության դեպքում՝ կարող է ներգրավվել Գլխավոր շտաբը:
Որոշումը, թե որ ինքնաթիռներում են ծառայության անցնելու «օդային ոստիկանության» ներկայացուցիչները, կայացնելու են Քաղավիացիայի վարչությունը, ԱԳՆ-ն, Անվտանգության և ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր տնօրինությունը: